
Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին անհատական պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ևս 28 անձանց նկատմամբ՝
Նադեժդա Սավչենկոյի գործի առնչությամբ, 57 խորհրդարանականների կողմից ստորագրված նամակում թվարկվում են այն անձանց անունները, որոնք, եվրոպացի պատգամավորների կարծիքով, պատասխանատու են «Սավչենկոյի առևանգման մասին քաղաքական որոշման, Ռուսաստանի տարածք նրա տեղափոխման, անօրինական կալանքի և կեղծ մեղադրանքների ներկայացման համար»:
Բացի Պուտինից, այդ ցանկում են հայտնվել Ռուսաստանի անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, Պետական դումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը, Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Իգոր Պլոտնիցկին, ինչպես նաև մի շարք քննիչներ, դատավորներ և այլ անձինք:
Կրեմլը արձագանել է եվրոպացի խորհրդարանականների կոչին ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի շուրթերով։ Դմիտրի Պեսկովն անթույլատրելի է համարել Սավչենկոյի գործով դատավարությանը միջամտելու ցանկացած փորձ:
Ուկրաինացի զինծառայող Նադեժդա Սավչենկոյին Ռուսաստանում մեղադրում են 2014 թվականին Ուկրաինայի Լուգանսկի շրջանում ռուս լրագրողների մահվան մեղսակցության մեջ։ Սավչենկոն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում, նրա պաշտպանները պնդում են, որ զինծառայողը պատանդ է ընկել ավելի վաղ, քան՝ զոհվել են ռուս լրագրողները: Մարտի 3-ից նա չոր հացադուլ է հայտարարել: Սավչենկոյի դատավճիռը հրապարակվելու է մարտի 21-ին:




