Քաղաքական

ՀՀ ԱԳ նախարարը՝ ԼՂ հակամարտության կարգավորման հետագա քայլերի մասին

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Коммерсантъ-ի հետ զրույցում խոսել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վատթարացման պատճառների և խնդրի կարգավորման հեռանկարների մասին։

«Երևանյան այցի ընթացքում եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, և աջակցություն հայտնեց Մադրիդյան սկզբունքներին և Մինսկի խմբի աշխատանքներին: Ինչպե՞ս կգնահատեք Մինսկի խմբի հետագա գործունեության հեռանկարները»,- պարբերականի հետեւյալ հարցին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսպես է պատասխանել.

«ԵՄ-ն բազմիցս իր աջակցությունն է հայտնել Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կողմից գործադրվող ջանքերին և բազմիցս ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք գոյություն չունի: Տիկին Մոգերինին ևս մեկ անգամ վերահաստատեց այդ դիրքորոշումը:

Մենք մշտապես բարձր ենք գնահատել Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Ցավոք, հակամարտության կողմերից մեկն այլ տեսակետ ունի։  Ոչ միջնորդները, ոչ էլ Հայաստանը մեղավոր չեն, որ մինչ այսօր հակամարտությունը կարգավորված չէ: Մենք բազմից հայտարարել ենք, որ պատրաստ են գնալ կարգավորման՝ համանախագահների ներկայացրած առաջարկների հիման վրա: Իսկ Ադրբեջանը քննադատում է այդ առաջարկները, մշտապես քննադատում է համանախագահներին: Բանը հասավ նրան, որ Բաքուն սկսեց մեղադրել համանախագահներին իսլամաֆոբիայի մեջ՝ հայտարարելով, որ անիմաստ է նրանց հետ հանդիպելը, քանի որ եռանախագահները ճնշում չեն գործադրում Հայաստանի վրա: Ըստ երևույթին, Ադրբեջանում այդքան էլ ճիշտ չեն ընկալում միջնորդության իմաստը: Միջնորդների ջանքերը պետք է ուղղված լինեն, առաջին հերթին, երկխոսություն սկսելուն, հանդիպումների կազմակերպմանը, կողմերի դիրքորոշումների մերձեցմանը, այլ ոչ թե այս կամ այն կողմի վրա ճնշում գործադրելուն:

Ղարաբաղյան հիմնախնդիրն այն հազվադեպ դեպքերից է, երբ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նման երկրները հանդես են գալիս կարգավորման շուրջ միասնական դիրքորոշմամբ: Նրանք հանդես են եկել հստակ առաջարկներով, որոնց հիման վրա կարելի է շարժվել հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այդ առաջարկներն արտացոլված են վերոնշյալ երկրների նախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ արված հինգ հայտնի հայտարարություններում: Հայաստանը ողջունել է դրանք՝ նշելով, որ դրանց հիման վրա պատրաստ է շարունակել բանակցությունները՝ հակամարտության հանգուցալուծումը փնտրելու ուղղությամբ: Մինչդեռ Ադրբեջանը մինչ օրս ձևացնում է, թե նման հայտարարություններ ընդհանրապես գոյություն չունեն:

Բանակցություններն այլընտրանք չունեն, և մենք, համանախագահների հետ միասին, շարունակելու ենք ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացարձակապես խաղաղ կարգավորմանը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

ՀՀ ԱԳ նախարարը անդրադարձել է նաեւ Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը: «Հայաստանը միշտ ասել է, որ ցանկանում է ԵՏՄ անդամ լինել»։ Պատասխանելով հարցին, թե արդարացի է արդյոք պնդումը, որ Երեւանը եվրասիական ինտեգրացիան դիտարկում է բացառապես Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների տեսակետից, Նալբանդյանը նշել է, որ ինքը հարցն այդպես չէր դնի։

«Անխոս, Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները յուրահատուկ բնույթ ունեն։ Սակայն ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը կայացվել է հաշվի առնելով այդ նախագծից բխող բոլոր շահերը։ Մենք չենք ընտրել ենք այդ ձեւաչափը՝ որպես մեկ այլ ձեւաչափի հակակշիռ։ Հայաստանը միշտ ասել է, որ ցանկանում է ԵՏՄ անդամ լինել։ Իսկ երբ մեզ առաջարկեցին միանալ, մենք համաձայնեցինք։ ԵՏՄ հիմքում ընկած 4 ազատությունները՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի տեղաշարժի ազատությունը, լրացուցիչ խթան կհանդիսանան մեր երկրի տնտեսության զարգացման համար։ Դա մեզ հնարավորություն է տալիս ավելի ազատ հասանելիություն ունենալ դեպի պաշտպանված ապրանքային շուկաներ, միասնական ծառայությունների շուկա, տրանսպորտային միջանցքներ։ ԵՏՄ-ն նոր է ստեղծվել, եւ նման կարճ ժամկետում արդյունքների մասին խոսելը վաղ է։ Սակայն այդ ինտեգրացիոն գործընթացի դրական կողմը, չնայած գլոբալ տնտեսական դժվարություններին, ակնհայտ է»,- ասել է էդվարդ Նալբանդյանը։

Կարդացեք նաև

Back to top button