

Մարտի 8-ը համարվում է Կանանց միջազգային օր, սակայն մեր երկրում տոն է ոչ միայն այս օրը, այլեւ, հուրախություն հայ կանանց՝ մարտի 8-ից սկսած մինչ ապրիլի 7-ը համարվում է կանանց միամսյակ: Սա, իհարկե, որոշված է ներքին կարգով: Իսկ պաշտոնապես՝ Մարտի 8-ը Հայաստանում համարվում է ոչ աշխատանքային օր։ Հակառակ սրան՝ այսօր հատկապես աշխատում են կանայք:
Այնպես է ստացվել, որ այսօր ամենապահանջված տեղում, վաղ առավոտից ամենաշատ աշխատողը հենց կանայք են: Համենայնդեպս, այդպես է ծաղկի սրահներում: Փաստից, սակայն, վատ չեն զգում, «ամեն ինչում կարելի է գտնել դրականը»,- ասում է զրուցակիցս՝ ծաղկի սրահներից մեկի աշխատակիցը՝ պնդելով, որ այս դեպքում էլ կարելի է զգալ տոնի շունչը: «Ով մտնում է, մեզ շնորհավորում է։ Ամենաշատ շնորհավորանքները մենք ենք ստանում: Աշխատանքն ամենալավ բանն է այսօր»։
Ծաղկի սպառման տեմպերից կարելի է ենթադրել՝ հայ տղամարդկանց ամենանախընտրած նվերն իրենց սիրելիներին հենց ծաղիկն է: Բայց արդյո՞ք դա անում են պարտադրված. <Ռադիոլուր>-ի հարցին՝ ծաղկի սրահի հաճախոդի պատասխանն անկեղծ էր, «Ինչու՞ պարտադրված։ Տոն է, պետք է արվի անպայման: Ես զգում եմ, որ նորից ակտիվացել է այս տոնը՝ մարտի 8-ը, մեծ եռանդով նշվում է, դա շատ լավ է: լավ տոն է, ուրախ տոն է, գարնան սկիզբ է ամեն ինչով: Ընդհանրապես՝ պետք է լինել կնոջ հանդեպ ուշադիր որպես տղամարդ, իսկ այս օրերին՝ առավել եւս»։
Այսօր ծաղիկներն իհարկե մի քիչ թանկ են, բայց ապրիլի 7-ին գնային որոշակի փոփոխություն կզգացվի՝ ծաղկի բիզնեսի նրբությունները «Ռադիոլուր»-ին փոքր ինչ բացահայտեց ծաղկի սրահի աշխատակիցը: «Բոլորս էլ գիտենք, որ այս օրերին ծաղիկը թանկանում է արհեստական ձեւով, ինչը՝ սխալ է: Բոլորի համար էլ հաճելի կլիներ, որ մատչելի լիներ գները: Բայց, եթե շուկայում գինը բարձր է, մենք էլ պետք է նույն գինը պահենք»։
Վաճառքի վիճակագրությունը ցույց է տալիս՝ ամենապահանջված, խորհրդանիշ-ծաղիկը այս օրը կակաչն է: Մեկ կակաչի գինը 700- 1000 դրամ է: Այս ծաղից ներկայանալի ծաղկեփունջն իրականում, շատերի համար մատչելի չէ, բայց այս դեպքում կարեւորը ուշադրության դրսեւորումն ու տոնական մթնոլորտի ստեղծումն է: Ի վերջո, մեկ օրով չէ եւ միայն ծաղկեփնջով չէ, որ հայ կինը իրեն պետք է գնահատված զգա:




