Հասարակություն

Աչքը՝ ճանապարհին, կարոտը՝ հոգում

satikisahakyan
Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի բնակիչ Կարլեն Գեղամյանը  կարոտը հոգում պահած սպասում է որդու վերադարձին: Թեև 23 տարի է անցել, սակայն աչքը չի կտրում իրենց ճանապարհով  անցնող մեքենաներից, սպասումով, որ որդուն կտեսնի: Երվանդ Գեղամյանը 1993 թվականի սեպտեմբերի 4-ին շրջափակման մեջ է ընկել  Կուբաթլուի տարածքում և անհետ կորել:

Արցախյան պատերազմում կորցրած որդու կարոտն է, որ սպիացել է Կարլեն Գեղամյանի հոգում, բայց չի մեռել: Չի մեռել նաև որդու վերադարձի հույսը: Վայոց Ձորի մարզի Շատին գյուղում է ապրում  անհետ կորած ազատամարտիկ Երվանդ Գեղամյանի հայրը:  Չորս  տղա ունի, բոլորն էլ իրենց պարտքը կատարել են հայրենիքի նկատմամբ:  Նա  որդու մասին միշտ  ներկա ժամանակով է խոսում. «Երվանդս կազմվածքով թիկնեղ է ու համբերատար, բնավորությամբ հորս է քաշել, անվախությամբ՝ ինձ», ասում է Կարլեն Գեղամյանը:

Որդու կարոտն այժմ թոռնուհուց  է ստանում:  Էսթերը Ստեփանակերտի պետական համալսարանի ուսանողուհի է:  Երվանդի կինը՝ Ռուզաննան Ստեփանակերտից է, ծանոթացել են ուսանողական տարիներին և ամուսնացել:

Անհետ կորելուց հետո Ռուզաննան աղջկա հետ տեղափոխվել է  Արցախ: Ամռանը Կարլեն Գեղամյանը սիրով է սպասում թոռնուհուն, թեև տան պայմաններն անհարմարավետ են, տունը կիսակառույց, սակայն ջերմությամբ ու սիրով է ընդունում և ճանապարհում հարազատներին: Անհայտ կորած ազատամարտիկ Երվանդ Գեղամյանի հայրը նշում է, որ որևէ պետական աջակցություն չի ստացել, միայն կարմիր խաչի միջազգային կոմիտեն է օգնության ձեռք մեկնել  կիսասկառույց տան տանիքի նորոգման գործում: «Անհետ կորածի ստատուսի վերաբերյալ ոչ տեղեկանք ունեմ, ոչ էլ՝պետաության կողմից որևէ աջակցություն մինչև այսօր: Միայն կարմիր խաչի միջազգային կոմիտեն է տվել 3 մլն դրամ, այն էլ հազիվ շինանյութի գումար»:

2011թվականից կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը ծրագրել և իրականացնում  է հակամարտության հետևանքով  անհետ կորածների ընտանիքների սոցիալական աջակցության ծրագիր, որով գնահատվում են կարիքներն ու տրամադրվում անտոկոս վարկ կամ դրամաշնորհ:  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստան պատվիրակության  հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշեց, որ մինչև օրս աջակցել են 75 ընտանիքի, վերադարձվող գումարները ուղղվում են մեկ այլ ընտանիքի կարիքներին:

Կարլեն Գեղամյանի կիսակառույց շենքի տանիքի խնդիրը լուծվեց, սակայն իրենք ապրում են ցեմենտե հատակի վրա, որտեղ վերջերս լույս աշխարհ է եկել կրտսեր որդու 3-րդ աղջիկը: Կիասնկուղային, կիասլուսավոր  տանն ապրում է երեք մանկապարտեզահասակ երեխա: Նրանք մեծանում են Եղեգիս գետի ափին: Կարլեն Գեղամյանը 52 տարվա  մանկավարժական աշխատանքի ստաժ ունի, հիմա չի աշխատում, սակայն մատաղ սերնդի հետ անվճար պարապում է նաև տանը, զբաղվում կենցաղային գործերով, բայց չի դադարել սպասել որդուն, հույս ունի, որ վերադառնալու է:

Կարդացեք նաև

Back to top button