ԿարևորՔաղաքական

Հ. Սահակյան. Ընտրական օրենսգրքի նախագիծը դոգմա չէ

lusinevasilyan

Ընտրական օրենսգիրքը մտնում է բովանդակային քննարկումների փուլ: Նախագծում ամրագրված դրույթները դոգմատիկ չեն ու ենթակա են փոփոխությունների, այսօր ասել է  ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Նրա դիտարկմամբ՝  նախագիծը  մի շարք նորամուծություններ է առաջարկում, որոնք  նվազագույնի են հասցնելու խախտումների հնարավորությունը­: Դրանում այնքան էլ վստահ չէ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա դիտարկմամբ ՝ քննարկման սեղանին դրված նախագիծը ոչ միայն չի փարատում եղած մտահոգությունները, այլեւ ավելացնում է նորերը։

 

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես  Սահակյանի դիտարկմամբ՝ ընտրական օրենսգրքի քննարկման դրված նախագիծը մի շարք նորամուծություններ է առաջարկում, որոնք  նվազագույնի են հասցնելու խախտումների հնարավորությունը: ­ Խոսքն առաջին հերթին  ընտրողների գրանցման էլեկտրոնային  համակարգի ներդրման մասին է:

Նախատեսվում է ընտրացուցակները կազմել էլեկտրոնային եղանակով, իսկ ընտրողներին գրանցել էլեկտրոնային համակարգի միջոցով: «Երբ համակարգ է ներդրվում, որը թույլ է տալիս նույնականացնել քվեարկության եկածին ու համակարգում ընդգրկվածին, որը թույլ է տալիս պարզել՝ այդ անձը իրավունք ունի՞ արդյոք քվեարկել կամ արդեն  քվեարկե՞լ է, թե՞ ոչ,  սա իհարկե նվազագույնի է հասցնելու խախտումների հնարավորությունը»:

Նույն նորամուծությունները վտանգավոր են որակում քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածի ներկայացուցիչները: « Ժառանգություն» կուսկացությունն այսօր Ընտրական օրենսգրիքի ընդունման  վերաբերյալ հայտարարություն է տարածել:  Դրանում չի անդրադարձել  նախագծին, բայց նշել է այն հիմնական սկզբունքները, որոնք նախագծում ներառելը պարտադիր է համարում: «Մատնահետքերով գրանցում, ստորագրված ցուցակների հրապարակում և տեսանկարահանում»:

Այս 3 պահանջները, ըստ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի, անհրաժեշտ են և  պետք է ներդրվեն միասնաբար, որպեսզի արդյունք ապահովեն: Քանի դեռ մասնակիորեն են ներդրվում, որևէ արդյունք չեն խոստանում: Հենց այդ պատճառով էլ քննարկման դրված նախագիծը Մարտիրոսյանն անընդունելի է համարում: «Ոչ միայն առաջ քայլ չի ապահովելի, այլ ընդահակառակը՝ հետքայլ է»:

Հովհաննես Սահակյանն այս պահանջներին անդրադառնալով նշում է, որ դրանցից յուրաքանչյուրն այս կամ այն կերպ արտացոլված է նախագծում: Ըստ նրա՝ էլեկտրոնային համակարգի ներդրումը, օրինակ, վերացնում է մատնահետքով գրանցվելու անհրաժեշտությունը: Ինչ վերաբերում է ստորագրված ցուցակները հրապարակելուն, ապա, նրա խոսքով, իշխանությունն այս մասով նոր ասելիք չունի և նույն հիմնավորումներով է պատասխանում:

Խոսքն առաջին հերթին ՍԴ որոշման մասին է, որը ցուցակների հրապարակման մեջ քվեարկության գաղտնիության հետ կապված խնդիր է տեսնում: «Այսօր էլ ընտրություններին մասնակցած քաղաքացիների ընտրական ցուցակները կարող են հասանելի դառնալ բոլորին, ովքեր ցանկություն ունեն: Եթե այս կամ այն տեղամասում վստահված անձը հայտնաբերում է ինչ-ինչ խախտումներ, բողոք-դիմում ներկայացնելով այդ տեղամասին, այդ դեպքում ընտրության մասնակցած ընտրողների ցուցակը դառնում է հրապարակային բոլորի համար»:

Եվ նախագծի քննարկման մեկնարկի այս կարճ ժամանակահատվածում միանգամից ուշադրության  առարկա դարձավ դիտորդներին, վստահված անձանց և լրագրողներին վերաբերող կարգավորումների հարցը: Մի շարք կազմակերպություններ արդեն նոր դրույթները սահմանափակող են գնահատել: Ըստ նախագծի , օրինակ,  արգելվում է միաժամանակ 8-ից ավելի լրագրողների և դիտորդների ներկայությունն ընտրատեղամասում։  Հովհաննես Սահակյանը կրկնում է մի քանի անգամ հնչեցրած միտքը. նախագծում տեղ գտած որևէ դրույթ դոգմատիկ չէ ու հիմնավորումների դեպքում ենթակա է փոփոխության։

Կարդացեք նաև

Back to top button