

Երևանի մնջախաղի պետական թատրոնը մարտի 10-ից ազդարարում է նոր խաղաշրջանն մեկնարկը: Թատրոնն իր գործունեությունը կրկին կազմակերպելու է Պատանի հանդիսատեսի թատրոնում: Սեփական տանիք չունենալու չարչրկված խնդիրը դեռ լուծում չունի, սակայն թատրոնի գեղարվեստական ղեկավարը համոզված է՝ շուտով կհասնեն իրենց բաղձալի երազանքին:
Ամեն տարի Երևանի մնջախաղի պետական թատրոնը գրանցում է նորանոր հաջողություններ, չնայած որ չունի սեփական տարածք: Այս տարի թատրոնը միջազգային փառատոնից ևս ունեցել է մրցանակ: Օրեր առաջ Բոսնիա- Հերցեգովինայում արդեն երրորդ տարին անցկացվող «Ոսկե լուսան» միջազգային փառատոնում «Լավագույն շարժում» անվանակարգում Նաիրա Եդիգանյանն իր մոնոներկայացմամբ արժանացել է առաջին մրցանակի:
Այս փառատոնից սա թատրոնի արդեն երկրորդ գլխավոր մրցանակներից էր, նշեց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ժիրայր Դադասյանն ու ավելացրեց՝ նախորդ տարի էլ առաջին մրցանակի արժանացել էր «Այբուբեն» ներկայացումը:
Մարտի 10-ից թատրոնը խաղաշրջանը կազդարարի Դերենիկ Դեմիրճյանի «Գիրք ծաղկանց» վիպակի մոտիվներով ներկայացմամբ: Մնջախաղի թատրոնը կրկին այլ թատրոնի բեմում կսկսի իր գործունեությունը: Ամեն հինգշաբթի հանդես կգա Պատանի հանդիսատեսի թատրոնում:
Չունենալով անհրաժեշտ պայմաններ՝ թատրոնը փորձում է զարգացնել մշակույթի այս ժանրը, սակայն, ըստ Ժիրայր Դադասյանի, միևնույն է՝ անհրաժեշտ է պետական աջակցություն: Ամեն անգամ բարձրաձայնում են շենք չունենալու խնդիրը, սակայն սայլը մինչ օրս տեղից չի շարժվել: Սկզբում շրջանառվեց Հյուսիսային պողոտայում տարածք տրամադրելը, սակայն բնակիչները դժգոհեցին, որ կառուցվող շենքը կփակի իրենց լուսավորությունը: Դրանից հետո քաղաքաշինության նախարարությունը մայրաքաղաքի կենտրոնում մի քանի տարածք է մատնանշել, որոնք, սակայն, վերջում չեն դարձել իրականություն:
Այս թատրոնը ծայրամասում չի կարող լինել, այն պետք է լինի զբոսաշրջիկների ոտքի տակ, մշակութային զարկերակի վրա, ասում է Դադասյանը: «Նույնիսկ պետք է իշխանությունները և հատկապես քաղաքապետարանը, շահագրգռված լինեն, որպեսզի ազատի որևէ տարածք և մեզ խնդրի տեղափոխվել այնտեղ, որտեղ էլ կծավալենք գործունեություն»,- ասում է։
Թատրոնի գեղարվեստական ղեկավարը, սակայն, հուսահատ չէ: Համոզված է, որ մի օր կհասնեն բաղձալի երազանքին: Կենտրոնում 3-4 սենյականոց բնակարանի գնով կարելի է կառուցել մնջախաղի թատրոն, ասում է: «Կարծում եմ, որ մեզ պետք է փոքր տարածք 100 տեղանոց դահլիճով: Մեզ ոչ թե շենք է պետք Սունդուկյան կամ Պարոնյան թատրոնի նման, այլ փոքր տարածք է պետք աշխատելու համար: Եվ ենթադրում եմ, որ 300-ից 500 քմ պետք է լինի այդ տարածքը: Այստեղ ցանկության խնդիր է, որ երեք սենյականոց բնակարանի գումարը լինի»:
Կառավարության կողմից արդեն իսկ թատրոնի գործունեությունը գնահատվել է: Նախորդ տարի գործադրի որոշմամբ՝ Ծաղկաձորում անցկացվող Լեոնիդ Ենգիբարյանի անվան միջազգային փառատոնը, որը կազմակերպվում էր երկու տարին մեկ, դարձել է ամենամյա: Պետք է խրախուսվեն գործընթացներ, որոնք ունեն զարգանալու հնարավորություն, ասում է Դադասյանն ու նշում. վերանայվել է բյուջեն և հնարավորություն է ընձեռվել մեծացնել քաղաքների ցանկը։




