

2-6 տարեկան երեխաների ծնողները Հայաստանում վերջին շրջանում նոր մտահոգություն ունեն` կապված առողջապահության նախարարության կողմից այս տարիքի երեխաներին պոլիոմելիտի դեմ լրացուցիչ պատվաստումների հետ: Արդյո՞ք ինչ-որ համաճարակային վիճակ կա, որն ստիպում է նման քայլի գնալ, ինչո՞ւ հանրապետության որոշ բնակավայրերում լրացուցիչ պատվաստումը պարտադիր է, որոշներում` ոչ: Ինչպե՞ս է ստացվում, որ ընդամենը մի քանի ամիս առաջ նույն վիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութ ստացած երեխաները նորից պետք է տարվեն պատվաստման:
Ծնողների շրջանում առողջապահության վերջին նախաձեռնությունը տարբեր մտահոգություններ ու տարատեսակ հարցեր է առաջացրել: Խոսքը պոլիոմելիտի դեմ պատվաստումների լրացուցիչ փուլի մասին է. պոլիկլինիկաներից այս վարակի դեմ պատվաստման են կանչում 2-6 տարեկան երեխաներին, անկախ այն հանգամանքից` նրանք արդեն ստացել են պոլիոմելիտի դեմ կաթիլները պլանային պատվաստումների շրջանակներում, թե ոչ:
«Ռադիոլուր»-ի հետ զրույցում հայ մայրիկներից մեկն իր անհանգստությունն այսպես է ձեւակերպում: «Չեմ գտնում, որ դրա իմաստը կա, մի քանի ամիս առաջ ստացած երեխային նորից տանել պատվաստման: Շատ ծնողների գիտեմ, որոնք հրաժարվում են տանել»:
Առողջապահության նախարարությունում մեկնաբանում են` Հայաստանն իրեն տեսնում է «Աշխարհն առանց պոլիոմիելիտի» նախաձեռնության շրջանակներում: Մեր երկիրն այս տարվա կեսից նախատեսում է պոլիոմիելիտի դեմ եռավալենտ պատվաստանյութը փոխարինել երկվալենտով, այսինքն` 3 բաղադրիչի փոխարեն այդուհետ 2 բաղադրիչով պատվաստանյութ տալ:
Բաղադրիչներից մեկը հանվում է, քանի որ պոլիոմելիտի 2-րդ տիպը, որի դեմ ուղղված է այն, 1999-ից այլեւս չի շրջանառվում: Սակայն մինչ պոլիոմիելիտի եռավալենտ պատվաստանյութի լրիվ դադարեցումը հարկ է 2-6 տարեկան երեխաների շրջանում ապահովել 2-րդ տիպի նկատմամբ լիարժեք պաշտպանություն:
Առողջապահության նախարարության իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը բացատրում է, թե ինչու պետք է պատվաստման տարվեն նաեւ այն բալիկները, որոնք ընդամենը մի քանի ամիս առաջ են ստացել պոլիոմելիտի դեմ կաթիլները: «Այդ երեխաներն արդեն ստացել են 4 դեղաչափ` վերջինը 18 ամսականում, բայց նրանց մոտ 6 տարեկանում նախատեսված` 2-րդ տիպի դեմ պլանային պատվաստումը դադարեցումից հետո բաց է մնում, որը նրանք հետագայում այլեւս ստանալ չեն կարող: Եթե այս տիպը նորից սկսի շրջանառվել, այդ դեպքում այդ երեխաները մնում են խոցելի»:
Ծնողներին անհանգստացնում է, որ հանրապետության տարբեր պոլիկլինիկաներում տարբեր մոտեցումներ կան. մի տեղ ասում են` լրացուցչ պատվաստումը, այո, պարտադիր է, մյուս տեղում ձեւակերպում, թե` եթե ժամանակին ստացել եք ազգային օրացույցով սահմանված պատվաստումները, այլեւս կարիք չկա: Միասնական մոտեցում չկա՞, հետաքրքրվեցինք: Չկա, պարզաբանում է Գայանե Սահակյանն ու բացատրում` ծրագրում ընդգրկվել են այն պոլիկլինիկաները, որոնցում հաշվառված երեխաների շրջանում պոլիոմելիտի դեմ պատվաստումը վերջին 3 տարում 95 տոկոսից ցածր է եղել: «Սա լրացուցիչ հնարավորություն կընձեռի այդ համայնքներում երեխաների շրջանում ամրապնդել կոլեկտիվ իմունիտետը պոլիոմիելիտի 2-րդ տիպի նկատմամբ, եթե այն հանկարծ մի օր սկսի շրջանառվել»:
Պոլիոմիելիտը բարձր վարակելիության վիրուսային հիվանդություն է: Ունի 3 տիպ, ի հայտ գալով ախտահարում է նյարդային համակարգը՝ առաջացնելով կայուն հաշմանդամություն: Աշխարհում միայն Աֆղանստանում և Պակիստանում է դեռ շրջանառվում վայրի պոլիովիրուսը, որտեղից պարբերաբար տարածվում է այլ երկրներ: 2002-ին Հայաստանը հայտարարվեց պոլիոմիելիտից ազատ երկիր. այլեւս դեպքեր չկան: Իսկ սրան նպաստում են համատարած պատվաստումները, որոնք երեխաների մոտ ձեւավորում են լիարժեք պաշտպանություն և անընկալություն վիրուսի նկատմամբ:
Պոլիոմիելիտի պատվաստանյութը երեխաների կողմից շատ հեշտ է տարվում: Ի դեպ` այս տարվանից եռավալենտ պատվաստանյութի փոխարեն կիրառվելիք երկվալենտ պատվաստանյութը եւս լինելու է բերանային կաթիլների տեսքով, ոչ թե սրսկումների, ինչպես տարածվել է ծնողների շրջանում: Իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը հորդորում է՝ երեխաներին անպայման տանել պատվաստման:




