

ԵՊՀ մշակույթի կենտրոնում վաղը՝ մարտի երեքին, կցուցադրվի թուրքահայ ռեժիսոր Ուղուր Էգեմեն Իրեսի «Հոգու անարատ վիճակը» փաստագրական ֆիլմը: Այն ռեժիսորի ընտանիքի, մասնավորապես պապի՝ Հարություն Իրեսի պատմությունն է, որը 71 տարեկանում վերադարձավ ազգային իր ինքնությանը, վերագտավ «Հոգու անարատ վիճակը» մկրտվելով որպես հայ-քրիստոնեա: Ֆիլմի հերոսը, ռեժիսորը, ինչպես նաև իրենց ինքնությունը վերագտած մի խումբ դերսիմահայեր Երևանում են և այսօր կիսվել են իրենց հույզերով ու տպավորություններով:
Երիցյանների, հետագայում Իրես թուրքական ազգանունը կրող գերդաստանից Հարություն Իրեսի մանկական հիշողություններում չափազանց վառ են ծնողների թաքուն աղոթքները: «Աղոթատեղի չունեինք, հայրս ու մայրս տանը՝ բոլորի աչքից հեռու աղոթում էին: Երբ հարցնում էինք՝ ինչ եք անում, ասում էին.«Դուք գործ չունեք, սա ձեզ չի վերաբերում»: Ծնողների պատմածներով ցեղասպանության տարիներին Դերսիմի հազարավոր հայերին թուրքերը խեղդամահ էին արել Լաչ գետում, որը հետո Լեշ գետ, այսինքն՝ դիակների գետ անվանումն էր ստացել: Ցեղասպանության թանգարանում առաջին անգամ Հայաստան այցելած Հարություն պապն այսօր այս ամենը վերապրել ու չափազանց հուզվել էր:
Եթե 1.5 միլիոն հայերի համար ցեղասպանությունն ավարտվել էր 1915 –ին , ապա Թուրքիայում ապրող հայերի համար այն շարունակվում է նաև այսօր: Դրա վառ օրինակը Հարություն Իրեսի պատմությունն է:
Ուղուր Էգեմեն Իրեսի «Հոգու անարատ վիճակը» փաստագրական ֆիլմի հիմքում, ինչպես ինքն է նշում, պապիկի և տատիկի շարունակական վեճերն էին: «Վիճելիս զազաերեն էին խոսում, որպեսզի չհասկանանք, բայց թուրքերեն հատ ու կենտ բառերից հասկանում էին, որ վեճը դարձյալ կրոնի շուրջ է: Տատիկիս հիվանդագին ապրումները շարունակվեցին տասը տարի, զավակներին ու թոռներին անընդհատ փորձում էր ներշնչել, որ նրանք թուրք են, մահմեդական: Համոզված էր, որ նրանց համար այդ գիտակցությամբ ապրելն ավելի հեշտ կլինի: Բայց կար մի իրականություն, որը կոչվում է գենետիկ հիշողություն: Հենց դա էլ դարձավ այս ֆիլմի ստեղծման պատճառը»,-պատմում է երիտասարդ ռեժիսորը:
Հարություն Իրեսի դուստրը՝ Կարին Գյուլթեքին, քրիստոնեական արմատներին երեք տարի առաջ է վերադարձել: Մկրտվել է Գերմանիայում, որովհետև, ինչպես նշում է, Թուրքիայի հայկական եկեղեցիներում մկրտության համար բավականին բարձր հարկ է սահմանված: «Չնայած հաջորդած բազմաթիվ դժվարություններին, ուրախ եմ, որ մկրտվելուց հետո գտա իմ ինքնությունն ու անհատականությունը»,-ասում է դերսիմահայ կինը:
«Հայերին ճնշելու ոչ մի առիթ Թուրքիայում բաց չեն թողնում: Քրդերի հետ սրված հակամարտության այս օրերին էլ կուժը հայերի գլխին է կոտրվում»,-ասում է Դերսիմի հայերի միության հիմնադիր Միհրան Գյուլթեքին: Նրա խոսքով Թուրքիայի իշխանությունը հատուկ քաղաքականություն է իրականացնում, որպեսզի արտասահմանում ապրող թուրքերին վերադարձնի ու բնակեցնի Արևմտյան Հայաստանի տարածքում, որտեղ մոտավոր հաշվարկներով այսօր 3-4 միլիոն ծպտյալ հայեր են ապրում: Դերսիմի հայերի միության ղեկավարի համոզմամբ այս թիվն անհամեմատ կմեծանա, եթե որպես հայ ապրելն այստեղ ավելի անվտանգ դառնա:




