
Փետրվարի 29-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 31-րդ նստաշրջանի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ավստրալիայի՝ Մարդու իրավունքների հարցով հատուկ բանագնաց Ֆիլիպ Ռադոկին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Ռադոկն անդրադարձել են միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցերի։
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք համատեղ քայլերը, կարևորվել են բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը։
Զրուցակիցները բարձր են գնահատել Ավստրալիայի հայ համայնքի դերակատարությունը երկկողմ համագործակցության ընդլայնման գործում։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։




