
Հանրապետության ոստիկանությանը եւ ՌԴ համապատասխան ստորաբաժանումների գործընկերների հետ համագործակցության արդյունքում՝ փետրվարի 18-ին ՌԴ Օրենբուրգի մարզի Բուզուլուկ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է Կարեն Շահինյանին։ Նա կասկածվում է անցած տարեվերջին բուքմեյքերական գրասենյակում կատարված սպանության մեջ։
Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքի 1-ին հարկում գործող բուքմեյքերական գրասենյակում 1987 թ. ծնված Արթուր Նազարյանի դիակը՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներով, հայտնաբերվել էր 2015 թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 11.35-ին:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների շնորհիվ պարզվել էր սպանությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը՝ 1983 թ. ծնված, նախկինում դատված Կարեն Շահինյան:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել միջպետական հետախուզում:
Ներկայումս լուծվում է նրան Հայաստան արտահանձնելու հարցը:
Նախաքննությունը շարունակվում է:




