
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՏՄ-ի զարգացման ընթացիկ հարցեր, ինչպես նաև` համաշխարհային շուկաներում ներկա իրողություններով պայմանավորված` ԵՏՄ-ի անդամ երկրերի և երրորդ երկրների միջև համագործակցության ընդհանուր ռազմավարությանն առնչվող հիմնահարցեր,- հաղորդում է ԵՏՄ լրատվական ծառայությունը:
Նուրսուլթան Նազարբաևն ընդգծել է, որ Տիգրան Սարգսյանի նախագահությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում համընկել է համաշխարհային տնտեսության մեջ արձանագրված բարդ իրողություններին ու պայմաններին, որոնց առկայության պայմաններում դժվար է գտնել աճի համար նոր կետեր: «Այսուհանդերձ, բոլոր այդ դժվարությունները որևէ կերպ չեն առնչվում ԵՏՄ աշխատանքներին, և որևէ կասկած չունեմ ինտեգրացիոն մեր միավորման վերջնարդյունքի օգտակարության առումով: Հատկապես, եթե նկատի ունենանք, որ այսօր բազմաթիվ երկրներ ԵՏՄ մտնելու և մեզ հետ այս հարթակում ազատ առևտրի մեջ մտնելու ցանկություն են հայտնել»,-ասել Ղազախստանի նախագահը:
Նա նաև ընդգծել է, որ ճգնաժամերը ժամանակավոր երևույթներ են, մինչդեռ ԵՏՄ անդամ երկրների ընդհանուր ներուժը` մնայուն: Տիգրան Սարգսյանն, իր հերթին նշել է, որ Ղազախստանի նախագահի` ԵՏՄ զարգացման ընդհանուր տեսլականն ու դիրքորոշումը սկզբունքային նշանակություն ունի, քանի որ հատկապես Ղազախստանի նախագահի նախաձեռնություններն ու գաղափարներն են ընկած միասնական եվրասիական տարածք ստեղծելու հիմքում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը տեղեկացրել է, որ ԵՏՄ Կոլեգիային հանձնարարվել է ուսումնասիրել Ղազախստանի նախագահի` անդամ երկրների ղեկավարներին արված ուղերձը:
Իսկ դրանում առկա առաջարկների համար կազմվել է համապատասխան ծրագիր:




