

«Կոռումպացված չինովնիկը չի կարող խոսել պետական շահերից, կոռումպացված քաղաքական գործիչը պետք է իրեն վերանայի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը՝ կարևորլով մարդու մտքերի հեղափոխությունը, քանի որ պատգամավորի խոսքով, հին մեթոդներով. հին գործքիներով այլևս հնարավոր չէ:
«Նոր Սահմանադրությամբ հին գործիքները չեն աշխատելու»,- ասել է պատգամավորը՝ հույս հայտնելով, որ Ընտրական նոր օրենսգիրքը լայն արձագանք կստանա, սոցիալական համախմբվածություն կբերի հասարակության մեջ: Կարինե Աճեմյանը կարծիք է հայտնել, որ մարտին արդեն Ընտրական օրենսգիրքը կքննարկվի, հույս է հայտնել, որ այն այնպիսի ձևով կմշակեն և կընդունեն, որ այն կծառայի տարիներ շարունակ: Անդրադառնալով արտաքին մարտահրավերներին՝ ՀՀԿ խմբակցության պատգամավորը նշել է, որ պետք է զգույշ և զգոն լինել՝ անվտանգություն և խաղաղություն ապահովելու համար:
ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյան. «Մենք ակցենտներ ենք դնում պաշտոնների բաժանման վրա, մենք ակցենտներ ենք դնում ինտրիգների վրա, այսինքն այն տեղերի վրա, որտեղ իրականում պետք չի ընդհանրապես գործել: Ես համարում եմ, որ նախագահի ելույթի հստակ ազդակներ էին՝ ուղղված և հասարակությանը, և պաշտոնյաներին, և լրատվամիջոցներին, և նաև մեր արտաքին քաղաքականության մարտահրավերների մասին: Այս պարագայում շատ կարևոր է, որպեսզի մենք այդ ազդակներից հետևություններ անենք: Այո, մեզ ասում են, որ բազմաթիվ անգամ նախագահը կրկնել է այն նպատակների մասին, որ մենք ունենք, իսկ ինքը նույնպես իր ելույթում նշեց, որ մենք դրա մասին խոսել ենք, խոսում ենք, խոսելու ենք: Նպատակները շատ հստակ են, բայց այդ նպատակներին հասնելու համար հարկավոր է կամք: Մենք բոլոր դժվարությունները չէ, որ կարողանում ենք հաղթահարել: Ես համարում եմ, որ հանրային վստահությունը շատ կարևոր է»:




