
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ ընթացիկ տարվա
փետրվար ամսին գրանցված բազմամյա նորմայից բարձր ջերմաստիճանային ռեժիմի
պայմաններում գյուղատնտեսական որոշ աշխատանքներ անհրաժեշտ է կատարել
սովորականից փոքր-ինչ ավելի վաղ ժամկետներում: Մասնավորապես`
հյուսիս-արևելքում (Նոյեմբերյանի, Իջևանի, Բերդի, Թումանյանի
տարածաշրջաններում) և Սյունիքի հովիտներում (Մեղրու տարածաշրջան) անհրաժեշտ
է առաջիկա մի քանի օրերի ընթացքում ավարտել պտղատու ծառատեսակների էտը և
շարունակել խաղողի վազերի էտի աշխատանքները:
Արարատյան հարթավայրում պետք է արագացնել կորիզավոր պտղատեսակների էտը և
սկսել նաև հնդավորների (խնձորենի, տանձենի, սերկևիլենի) էտի աշխատանքների
կատարումը:
Նախալեռնային գոտում խորհուրդ է տրվում սկսել կորիզավոր պտուղների էտը, իսկ
7-10 օր հետո` նաև հնդավորների էտը:
Պտղատու ծառերի էտը պետք է ավարտել մինչև բողբոջների ուռչելը: Նշված
ժամկետում անհրաժեշտ է ծառերի բները մշակել կրակաթով (սպիտակեցնել կրի
լուծույթով) և սնկային հիվանդությունների դեմ բուժել պղինձ պարունակող
պատրաստուկով:
Փետրվարի վերջերին Արարատյան դաշտում կարելի է սկսել այգեբացը, վազերի
բների բացումը, իսկ դրանից մի քանի օր հետո` էտի աշխատանքները (հատկապես
մեծ տարածքների վրա): Խորհուրդ է տրվում այգեբացը կատարել օրվա առաջին
կեսին (մինչ ժամը 14:00-ն), որպեսզի աչքերի խոնավությունը վերանա, և
գիշերային բացասական ջերմաստիճանների դեպքում դրանք չվնասվեն:
Արարատյան հարթավայրում, բաց դաշտում, վաղահաս կարտոֆիլի տունկի համար
լավագույն ժամկետը կլինի մարտի 5-ից մինչև 20-ը ընկած ժամանակահատվածը, իսկ
վաղահաս կաղամբի սածիլումը նպատակահարմար է կատարել մարտի 20-ից հետո:
Արարատյան դաշտում բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքի և սածիլման
աշխատանքները բաց բնահողում պետք է կատարել ապրիլի 25-ից հետո, երբ
վերանում է ուշ գարնանային ցրտահարությունների վտանգը:
Խորհուրդ է տրվում ընթացիկ տարվա գարնան գյուղատնտեսական աշխատանքները
կատարել նշված ժամկետներում, առանց ուշացումների ու ավելորդ
շտապողականության:
Ջերմաստիճանային ռեժիմի հետագա հնարավոր կտրուկ փոփոխությունների դեպքում,
ըստ անհրաժեշտության, նախարարության կողմից լրացուցիչ կտրվեն մասնագիտական
համապատասխան ցուցումներ ու խորհուրդներ:




