Հասարակություն

Գյուղացիների սոցիալական վիճակը՝ մեկ գյուղի օրինակով

hasmikdilanyan
Մեկ գյուղի օրինակով ընդհանրական պատկեր՝ Հայաստանի գրեթե բոլոր գյուղերի համար: Առևտուրը նվազել է, խանութները դատարկվել, գյուղացիների պարտքերի ցուցակներն ամփոփվում են ոչ թե մեկ, այլ մեկ տասնյակից ավելի տետրերում: Հաղարծինում խանութի սեփականատերն արդեն ընտրանքով է պարտքով ապրանք տալիս գյուղացիներին, այլընտրանք չունի՝ պարտքերն ավելի շատ են,ք ան խանութի ապրանքը: Գյուղում աշխատանք չկա, արտագնա աշխատանքի մեկնող տղամարդիկ այս տարի երկմտանքի մեջ են՝ գնալ, թե՞  ոչ:

 

Խորհրդային տարիներին   վարսավիրանոց , այժմ՝ մեկ տասնամյակից ավելի է՝ արդեն սովորական խանութ: Հաղարծինում  խանութի սեփականատեր ու նաև վաճառող  Վերգուշ Ստեփանյանին բոլորն են ճանաչում:  Դժվարությամբ, սակայն, համաձայնում է պատմել խանութից, առևտրից ու ամենակարևորը պարտքերի ցուցակից:  «Ոչ միայն մեր գյուղացիներն են պարտքերի տակ, այլ ողջ պետությունը՝ Հայաստանի արտաքին  պարտքը մատնանշելով է  զրույցը սկսում տիկին Վերգուշը:   «Աշխատանք չկա, մարդիկ փող չունեն»,- գյուղացիների սովորական դարձած կենղացն է  արդարացնում զրուցակիցս:   Պարտքի ոչ թե մեկ, այլ մեկ տասնայկից ավելի  տետրեր ունի,  թերթում է  դրանք, հաշվում,  նորից փակում. «Էս հին տետրերս ա, ամբողջ օրը հիտս տանում եմ, պիրում: Ամբողջ օրը, ավելի շատ ա գումարը, քան թե  խանութի ապրանքն ա: Սա  էլ իմ իսկականն ա, էսօր ինչքան եմ գրել»:

Զրուցակիցս խոստովանում է ՝ իրավիճակն այնպիսին է, որ արդեն ընտրում է, թե ում պարտքով ապրանք, ում չտա՝  նախապատվությունը տալիս է հիվանդների հարազատներին, այլ կերպ ասած՝ կարիքավորներին, որոնց պակասը այս գյուղն էլ չունի:

«Սովորական մարդուն, որ կյալիս ա առևտրի, չենք էլ տալիս, ճիշտն ասած, բայց որ գյուղացի եմ, տեսնում եմ, որ երեխեն հիվանդանոցումն ա, հայր ունի, մայր ունի, ծեր ունի հիվանդանոցում,  մի սոկի կարիք ունի, ոնց չտա՞մ»:

Գյուղացիների պարտքերը դժվարությամբ է հաշվում, խոստովանում է` բանկերը թեթեւացնում են ժողովրդի հոգսը, երբեմն էլ գյուղապետն է աջակցում գյուղացիներին, իսկ  տարիներով կոււտակված պարտքերի մարման ժամկետը կամ թոշակների ու նպաստների ստացման  ժամանակն է, կամ էլ՝  դեպի բանկ տանող  ճանապարհը:

«Հունվարին հաշվել եմ, ասել եմ, քյացեք վարկ վեկալեք, պիրեք տվեք: Կարդա , ինչքան ա, 460 հազար դրամ: Սրանք   էլ իվալիտի ընտանիք են, 510 650 դրամ՝ ապրիլից մինչև հոկտեմբեր: Մեկ էլ մի հատ գիծ եմ քաշել, ասել եմ, էլ չեմ տա, հետո նորից սկսել եմ: Էստեղ էս ինչ եմ գրել՝ 4400 դրամ՝ հարսանիք: Մարդը  հարսանիք ա գնում, բա մի հատ կոնյակ, մի հատ բամբներկա չտանք, որ քինա հարսանիք: Այ հեսա, ուղարկել ենք,որ վարկ վերցնի, բերի  տա»:

Խանութում ապրանք ունեալու համար  սեփականատերն  ինքն  էլ վարկ է վերցել, տարեսկիզբը  600 հազար դրամ վարկով է  սկսել: Սա անհրաժեշտությունից դրդված, որ խանութում ապրանք ունենա: Առևտուր գրեթե չկա,  աշխատատեղերի բացակայությանն այս գյուղում էլ ավելացավ նաև  ռուսական  ռուբլու արժեզրկումը:

Այստեղ հողերը չեն մշակվում, հիմնականում  անասնապահությամբ են զբաղվում:  Նախորդ տարիներին  այս օրերին արդեն  երիտասարդների ու տղամարդկանց հիմնական մասը պատրատսվում էր արտագնա աշխատանքի մեկնել, այս տարի, սակայն,  դեռ երկմտում են՝ գնան, թե ոչ: Նախորդ  տարվա  աշխատավարձը հիսուն տոկոսով արդեն կորցրել են, — դժգոհում են՝ չկողմնորոշվելով ՝ ինչ անել:

Հաղարծինի բնակիչները  սպասում են, որ մի օր իրենց գյուղում  էլ գործարան կբացվի ու իրենք էլ աշխատանք կունենան, երիտասարդները  ծննդավայրում կմնան, խանութներից  պարտքով ապրանք չեն վերցնի, վարկերից էլ վեջապես կազատվեն:

Կարդացեք նաև

Back to top button