Քաղաքական

ԵՊՀ-ում ամփոփել են հայ-իրանական 25-ամյա համագործակցությունը

karenghazaryan
Հայաստանի եւ Իրանի միջեւ կնքված «Գազ էլեկտրոէներգիայի դիմաց» համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը շարունակվելու է, եւ կփորձենք այդ համագործակցության շրջանակներում ընդլայնել ոլորտում մեր գործակցությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջադին՝ արձագանքելով հարցին, թե արդյո՞ք երկու երկրների միջեւ բանակցություններ վարվում են գազ գնելու հետ կապված: Դեսպանը շեշտել է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո ավելի լայն հարթակ է բացվում՝ առավել ընդգրկուն համագործակցության համար:

 

 

Իրանն ու Հայաստանը շատ լավ հարաբերություններ են ունեցել անգամ պատժամիջոցների առկայության պայմաններում՝ շեշտեց Հայաստանում Իրանի դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջադին: Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումից հետո այդ հարաբերություններն էլ ավելի կզարգանան՝ համոզված է դեսպանը:

«Հայաստանն ու Իրանը հարեւան երկրներ են եւ տնտեսական հարաբերությունները զարգացնելու առումով որեւիցե սահմանափակում չունեն: Հաշվի առնելով, որ վերջին ժամանակահատվածում բավականին ակտիվացել են փոխադարձ այցերը երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների միջեւ՝ մենք մոտ ապագայում ականատեսը կլինեն երկու երկրների հարաբերությունների էլ առավել զարգացմանը: Ես կարծում եմ, որ մեր երկրները համագործակցության շատ ավելի մեծ պոտենցիալ ունեն եւ, կարծում եմ, որ երկու երկրները կօգտվեն միմյանց հնարավորություններից»:

Իրանը եւ Հայաստանը ամենածանր պայմաններում եւ ամենածանր իրավիճակներում միշտ էլ միմյանց օգնել են: Այդ համագործակցությունն ու նման վերաբեմունքը կշարունակվի՝ շեշտեց մեր երկրում Իրանի դեսպանը: Արձագանքելով Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանն առնչվող հարցին՝ դեսպան Սաջադին ասաց, որ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ղեկավարները բանակցել են տվյալ խնդրի շուրջ եւ մոտ ապագայում նախատեսվում է, որ Իրանից փորձագետների ու մասնագետների պատվիրակություն կայցելի Հայաստան՝ երկաթգծի տնտեսատեխնիկական հիմնավորումներն ուսումնասիրելու համար:

Ամենաբարձր մակարդակով երկուստեք քննարկվել է նաեւ «Մեղրիի» հիդրոէլեկտրակայանի եւ հյուսիս-հարավ մայուրուղուն առնչվող խնդիրներ՝ նշեց դեսպանը: Հայաստանի եւ Իրանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալները կազմում են մոտ 300 միլիոն դոլար: Այդ առումով Իրանը Հայաստանի 4-րդ գործընկերն է: Իրանական կողմը, սակայն գոհ չէ, քանի որ կան շատ ավելի մեծ հնարավորություններ: Դեսպանը հույս հայտնեց, որ առաջիկայում ակնկալվող ծրագրերի իրականացմամբ այդ ցուցանիշը զգալիորեն կավելանա:

Մեր երկրում Իրանի դեսպանին հարցեր ուղղելու հնարավորություն լրագրողներն այսօր ունեցան ԵՊՀ-ում կազմակերպված «Հայաստան-Իրան. համագործակցության 25 տարին» թեմայով միջազգային գիտաժողովից հետո:

Գիտաժողովի նպատակը երկկողմ հարաբերությունների վերագնահատումն էր՝ անցած պատմությունից մինչեւ ապագայի հեռանկարներ: Իրանագետ Վարդան Ոսկանյանին լսենք:

«Շրջափակումից դուրս եկող Իրանը մեզ համար առավել հետաքրքիր է դարձել եւ մեզ համար բացել է նոր հնարավորություններ, հետեւաբար՝ մեզ համար առաջնային պիտի լինի նաեւ ծանոթանալ հենց իրանցի մասնագետների կարծիքներին՝ հասկանալու, թե իրանցիներն ի՞նչ հեռանկարներ են տեսնում Հայաստանի հետ կապված, նաեւ՝ փորձագիտական մակարդակով: Հայաստանը Իրանի համար շարունակում է հետաքրքիր լինել եւ մնալ նրա ամենակարեւոր եւ ամենավստահելի երկրներից մեկը մեր տարածաշրջանում»:

Գիտաժողովի զեկուցումներում փաստվող հիմնական շեշտադրումները, կարելի է ասել, երկուսն են՝ մահմեդական եւ քրիստոնեական երկրների միջեւ առկա է օրինակելի համախոհություն եւ հարաբերությունների զարգացման շատ ավելի մեծ հնարավորություններ:

Կարդացեք նաև

Back to top button