
Ճարտարապետության ազգային և Ալ. Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտները առաջիկայում կմիավորվեն, արդյունքում ձևավորելով Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը, հայտնում են քաղաքաշինության նախարարությունից։
Ըստ գերատեսչության՝ թանգարանային ոչ բավարար պայմաններ ունեցող երկու հաստատությունները միավորելով հնարավոր կլինի ստեղծել մեկ թանգարան, որը կունենա և մշտական ցուցադրություն և միաժամանակ ցուցահանդեսներ, սեմինարներ և մասնագիտական վարպետության դասեր կազմակերպելու դահլիճ, կբարելավվեն ֆոնդերի պայմանները։
Իսկ մինչ այդ քաղաքաշինության փոխնախարար Արամ Բադալյանն այսօր նախարարության ենթակայությամբ գործող Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի աշխատակազմին է ներկայացրել նոր տնօրենին՝ Անուշ Տեր-Մինասյանին: Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել թանգարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Գրիգորյանին՝ կառույցի հիմնադրման և կայացման գործում ունեցած մեծ ավանդի համար։ Թանգարանի նորանշանակ տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը երկար տարիներ ղեկավարել է Ռուսական արվեստի թանգարանը։
Նա վստահեցրել է, որ ճարտարապետության թանգարանն իր համար հարազատ վայր է և ստանձնելով ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնը, աշխատելու է համագործակցաբար՝ հենվելով նախորդ շրջանի փորձի վրա:




