Հասարակություն

Ինչպես երկարացնել ՄՀՀ կյանքը

lenabadeyan
Մարզահամերգային համալիրի վաճառքի պայմանագրի չեղյալ համարվելուց հետո,  կրկին առաջ եկավ կարեւորագույն հարցը՝ ինչպես պահպանել հսկայական այդ շինությունը, որը հարիր է խոշոր պետությունների համար: Հիշեցնենք, որ Գործադիրի հիմնավորմամբ՝ նման որոշում ընդունելը պայմանավորված է այն հանգամանքով, որ «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ»-ին օտարված պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց վճարումներ սահմանված ժամկետում չեն իրականացվել: Ակնհայտ է, որ շինությունը անգործ չի կարող մնալ՝ այն անընդհատ պետք է շահագործվի, ասում է Մարզահամերգային համալիրի հեղինակ Հրաչիկ Պողոսյանը:

 

 

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը այս պահի դրությամբ կրկին պետությանն է պատկանում եւ կրկին առաջ է եկել կարեւորագույն հարցը՝ ինչպես պահպանել շինությունը: Աչքի առաջ ունենալով Երիտասարդական պալատի ճակատագիրը, Զվարթնոց օդանավակայնի հետ կապված խնդիրները ճարտարապետները նախապես հայտարարում են՝ Մարզահամերգային համալիրը պետք է պահպանել, թեեւ այն ծանր, բարդ, ունիկալ եւ ծախսատար կառույց է: Մարզահամերգային համալիրի հեղինակ Հրաչիկ Պողոսյանի համոզմամբ՝ Մարզահամերգային համալիրը կարելի է եւ պետք է պահպանել, իսկ թե ինչպես՝ պետությունը թող մտածի:

1983 թվականին կառուցված Մարզահամերգային համալիրի վրա ընդհանուր առմամբ ծախսվել է 34 միլիոն ռուբլի, գումարած՝ 12 միլիոն բարեկարգման համար: Ըստ  հաշվարկների՝ 15 տարում շինությունը ծախսը ամբողջությամբ պետք է հաներ: Որոշակի այսպիսի «բիզնես պլան» ունեցել էր նաեւ վերջին գնորդը՝ օտարերկրյա «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ»-ը, բայց հանրային դժգոհությունը խանգարեց այդ ընկերությանը իրականացնել նախատեսված շահութաբեր բիզնեսը, ենթադրում է ճարտարապետ Ֆենդինանտ Առաքելյանը:

Հասկանալով հանդերձ, որ շինությունը հնարավոր չէ անգործության մատնել զուտ հենց Մարզահամերգայինի կյանքը երակացնելու համար ճարտարապետներն առաջարկում են գտնել համապատասխան մասնագետներ, որոնք հանգամանալից կուսումնասիրեն կառույցի վիճակը եւ կկազմեն շահագործման բիզնես-պլան, բայց նույնիսկ այս դեպքում ակնհայտ է՝ կառույցը այդ դեպքում էլ շահույթով չի աշխատի, ուստի պետբյուջեից համաֆինանսավորումը անհրաժեշտ է: Ֆերդինանտ Առաքելյանը այսպիսի շահագործումների օրինակներ է նույնիսկ բերում:

Խորհուրդը՝ խորհուրդ, բայց ըստ ճարտարապետների՝ չկա որեւէ հաշվարկ, թե ամեն ամիս կամ ամեն տարի որքան պետական ֆինանսավորում է պահանջվում Մարզահամերգային համալիրի պահպանման համար: Ի դեպ՝ ճարտարապետ Հրաչիկ Պողոսյանի հեղինակած մեկ այլ շինությունը նույնպես այսօր վտանգված է: Մեկ տարի է արդեն, ինչ ճարտարապետն արդեն հուսալքված է խոսում «Ռոսիա» կինոթատրոնի մասին:

Կարդացեք նաև

Back to top button