

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում կրկին անդրադառնալով բենզինի գներին՝ նշել է, որ բենզինի շուկան մշտապես գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում: «Լայնածավալ ուսումնասիրություններ ենք իրականացնում պետական գնումների ոլորտում, իհարկե ուշադրության կենտրոնում են այն շուկաները որտեղ կան խոշոր ընկերություններ»,-ասել է նա:
Հարցին, թե ի վերջո ինչն է պատճառը, որ Ռուսաստանում, Վրաստանում բենզինն ավելի էժան է, քան Հայաստանում, Արտակ Շաբոյանն ասել է, որ չի կարող մեկնաբաել Ռուսաստանի կառավարության քաղաքականությունը ներքին շուկայում վարվող գների վերաբերյալ: Ըստ Շաբոյանի, հայկական ընկերությունները բենզին ներկրում են ռուսական ընկերություններից, սակայն այս պահին չի կարող ասել, թե «Роснефть» ընկերությունն ի՞նչ գնով է Հայաստանին բենզին մատակարարում. «Դիմեք Հանձնաժողով և այդ տեղեկատվությունը մեկ կամ երկու օրվա ընթացքում կտրամադրեն»:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է գտնվում նաև բանանի շուկան: Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյան կառավարության նիստից հետո նաև այս խնդրին է անդրադարձել, նշել, որ այս շուկայում մի քանի ուսումնասիրություն են կատարել և այս պահին էլ դրանք շարունակվում են:
«Միայն կարող եմ ասել, որ այդ շուկայում մուտքի խոչընդոտներ, մրցակցության սահմանափակուներ չկան: Եթե կլինեն տնտեսվարողներ, որոնք կարող ենք ավելի էժան բանան ներկրել այլ երկրներից, ապա դա կարող են իրականացնել»,-ընդգծել է Շաբոյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե բանանի ներկրումը կապվում է ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի անվան հետ, ՏՄՊՊՀ-ի նախագահն ասել է, որ իրենց բացարձակապես չի հետաքրքրում ընկերությունների սեփականատերերի կամ նրանց հետ փոխկապակցված անձանց անունները:
«Ես չեմ կարող ասել, թե որ ընկերության սեփականատերը կամ նրա հետ փոխկապակցված անձը ով է: Մենք գործ ունենք միայն ընկերությունների հետ: Այսօր մեծ ծավալներով ներկրումներ է իրականացնում «Քեթրին գրուպ» ընկերությունը: Եթե կլինեն տնտեսավարողներ, որոնք կարող են ավելի էժան բանան ներկրել այլ երկրներից, ապա ես վստահեցնում եմ, որ դա կարող են անել: Եթե խնդիրների կհանդիպեն, ապա թող դիմեն մեզ»,-հայտարարել է Արտակ Շաբոյանը:




