
«Ռուսաստանի արտգործնախարարությունում կքննարկեն Ռուսաստանի Պետդումայից ներկայացված առաջարկը Մոսկվայի 1921-ի մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը չեղարկելու մասին»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ, քանի որ համաձայնագրում շոշափվում են նաև Ադրբեջանի շահերը:
«Իսկապես նման հարցում եղել է, այս պահին կարող եմ ասել, որ պետք է տեսնել, թե կոնկրետ ինչ է առաջարկվում: Ամեն ինչ կարվի սահմանված կարգով: Առայժմ պետք է քննարկել նախաձեռնությունը»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Զախարովան:
Նա հավելել է, որ Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունները զարգանում են: «Մենք չենք անի որևէ քայլ, որը կվատթարացներ այդ հարաբերությունները, ընդհակառակը՝ կկենտրոնանանք դրանք բարելավելու վրա։ Մեզ շատ բան է կապում տարբեր ոլորտներում»,- ընդգծել է պաշտոնյան։
Օրերս Ռուսաստանի Պետդումայի կոմունիստ պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը նամակ են հղել Ռուսաստանի նախագահին ու արտգործնախարարին, որով առաջարկում են չեղարկել Մոսկվայի 1921-ի մարտի 16-ի պայմանագիրը:Նախաձեռնության հեղինակները համոզված են, որ փաստաթուղթը կնքվել է ի վնաս Ռուսաստանի շահերի և, հաշվի առնելով թուրքական աճող ագրեսիան, պետք է իրավաբանորեն մշակել Ռուսաստանին և նրա դաշնակիցներին ոչ ձեռնտու փաստաթղթերը:
«Հարավկովկասյան երկու հանրապետություններ՝ Վրաստանն ու Հայաստանը չեն ընդունում այդ պայմանագրի դրույթները: Պետք է գիտակցել, որ 1921 թվականին բոլշևիկյան իշխանոթյունը մազից էր կախված: Շարունակվում էր օտարերկրյա ինտերվենցիան, քաղաքացիական պատերազմը: Սակայն արդեն 1945 թվականին ԽՍՀՄ-ը միանգամից հայտարարեց Մոսկվայի համաձայնագրի խտրական պայմանների հետ անհամաձայնության մասին»,- «Իզվեստիա» թերթի փոխանցմամբ, ասել էր Ռաշկինը։ Պարբերականը հիշեցնում է, որ բոլշևիկյան Ռուսաստանը Թուրքիային հանձնեց Կարսի նահանգը, Սուրմալուն՝ Արարատ լեռով հանդերձ:




