

Եվրամիությունը այս տարվա հենց սկզբին մի քայլ արեց, որն իր մեջ պարունակում է որոշակի, այսպես ասած, «մեսիջներ»: Առաջին հերթին Եվրամիությունը Հայաստանին հասկացրեց՝ ԵՏՄ-ն չի փակել «եվրամերձեցման» ճանապարհը, թեեւ որոշակի ժամանակով Հայաստան-ԵՄ հարաբերություններում առաջացավ ճգնաժամ, որն այս պահին կարելի է արդեն հաղթահարված համարել: Սա արդեն հիմք է եւ առիթ, որ թե՛ եվրոպացի, թե՛ հայ վերլուծաբաններն արդեն հայտարարեն՝ ԵՄ-Հայաստան վերսկսված բանակցություններն այս անգամ շատ ավելի շուտ եւ արագ կավարտվեն՝ հիմքում ունենալով նախկինում Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու ձեւակերպումները: Այսպես մտածողներից է, օրինակ՝ Դաշնակցություն խմբակցության քարտուղար, պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Բանակցային գործընթացը մինչեւ պայմանագիր կարող է ընթանալ շատ արագ»,- այսպես է կարծում նաեւ Հանրապետական խմբակցությունից պատգամավոր, «Եվրոպական ինտերգրացիա» ՀԿ ղեկավար Կարեն Բեքարյանը: Բայց հայկական կողմի համար այս ամենում շատ ավելի կարեւոր է մեկ այլ նրբություն: Հունվարի 21-ին ընդունված փաստաթղթում 16 կետից երեքը վերաբերում են ԼՂ-ի հակամարտությանը, ընդ որում կան այնպիսի ձեւակերպումներ, որոնք նմանատիպ փաստաթղթում արվել են առաջին անգամ: Նախ փաստաթղթով ամրագրվում է, որ ԵՄ-ը անընդունելի է համարում սահմանային սրվածություններն ու լարվածությունը եւ որ ամենակարեւորն է՝ հասցեական է, ասում է Կարեն Բեքարյանը:
Ի դեպ՝ Եվրոմիությունը գնացել է մի քայլի, որը երբեք մինչ այսօր դեռ չի արել՝ ԼՂ-ի ուսանողներին հնարավորություն է տալու այսուհետ մասնակցել կրթական ծրագրերին: Սաեւս մի առանձին ձեռքբերում է, ըստ Աղվան Վարդանյանի:
Պակաս կարեւոր չէ, որ Եվրամիությունը նկատել է նաեւ փաստը, որ Հայաստանն ընդունել է շուրջ 20000 սիրիացի փախստական: Այս փաստի վրա հրավիրվում է Եվրոպական հանձնաժողովի ու ԵՄ անդամ երկրների ուշադրությունը: Ըստ վերլուծությունների՝ սա հետագայում կարող է իր զարգացումն ունենալ որոշակի օժանդակություն ստանալու իմաստով՝ փախստականների հիմնախնդիրները լուծելու համար: Ըստ որոշ վերլուծությունների հավանաբար այս անգամ Ռուսաստանը չի խոչընդոտի վերսկված բանակցություններին:




