

Վայոց Ձորի մարզի Քարագլուխ գյուղում ձմռանն են ընտանիքի անդամները համախմբվում մեկ տանիքի տակ, գարնանը երիտասարդներն ու միջին տարիքի տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի, մնացող գյուղացիներն էլ զբաղվում են այգեգործությամբ, մասամբ էլ՝ անասնապահությամբ:
«Եթե տեղում աշխատանք լինի գյուղացիները կմնան գյուղում ու չեն մեկնի արտագնա աշխատանքի: 370 աշակերտի համար նախատեսված դպրոցում հիմա սովորում է մինչև 70 աշակերտ»,- ասում է Վայոց Ձորի մարզի Քարագլուխ գյուղի բնակիչ Մուրադ Օհանյանը և հավելում, որ գյուղացիների մի մասը գնում, աշխատում և վերադառնում է, իսկ ավելի վաղ գնացածները հիմնավորվել են Ռուսաստանում: Մուրադ Օհանյանը գնացողներին չի մեղադրում՝ կարիքն է ստիպել, սակայն մյուս կողմից էլ գյուղն է դատարկվում:
Քարագլխում նախկինում գործել է Երևանի տրիկոտաժի գործարանի մասնաճյուղը, որտեղ ձեռնողներ են գործել: Տեղացիները զբաղված են եղել տրիկոտաժի արտադրությունում և լավ են ապրել: Հիմա պատկերն այլ է:
Վայոց Ձորի մարզն առանձնահատուկ գեղեցկություն ունի վեր խոյացող ժայռերով, որոնք կարծես պաշտպանում են ներսում ծվարած գյուղերին: Մուրադ Օհանյանը հպարտությամբ է նշում և ստուգաբանում գյուղի անունը՝ Խաչի քարի վրայի գյուղ, որտեղ կան մատուռներ, վանք, եկեղեցի, խաչքարեր, որոնցից մեկն էլ գտնվում է գյուղի մուտքի մոտ:
Քարագլխում, ինչպես նաև Վայոց Ձորի մարզի մյուս գյուղերում հիմնականում զբաղվում են այգեգործությամբ, 120 հա այգիներում մեծամասամբ խնձորենիներ և ընկուզենիներ են, որոնք էլ գյուղացիների ապրուստի հիմնական միջոցն են:
Բերքն իրացնում են Գեղարքունիքի մարզում և մայրաքաղաքում : Զրուցակիցս նշեց, որ մինչև 2000 թվականը խնձորի գնորդները գալիս էին Վրաստանից ու տեղում վաճառվում էր բերքը, իսկ հիմա իրենք կրում են իրացման դժվարությունները:
Քարագլուխը տարիներ առաջ աչքի է ընկեր խոշոր անասնապահությամբ, ներկայում՝ քիչերն են զբաղվում: Նվազել է խոշոր և մանր եղջերավոր անասունների քանակը:
Ձմռանը քարագլխեցին վայելում է ամբողջ ընտանիքով սեղան նստելու, միմյանց ներկայությունը վայելելու բերկրանքը: Գարնանը երիտասարդներն ու միջին տարիքի տղամարդիկ դարձյալ կմեկնեն արտագնա աշխատանքի: Քարագլխեցի ուսանողներն ավարտելուց հետո գյուղ չեն վերադառնում,աշխատանք են գտնում և մնում քաղաքում, այսինքն՝ եթե այս ընթացքով շարունակվի, ապա տարիներ հետո գյուղում կմնան միայն տարեցները:
Այս տարի Քարագլուխ գյուղի դպրոցի առաջին դասարանում սովորում է ընդամենը 7 աշակերտ:




