Միջազգային

Ղազախստանը փորձում է բացել Թուրքիայի առաջ Եվրասիական տարածքի դռները

Ղազախստանի հետ հարաբերությունները Թուրքիայի առաջ բացում են դեպի Եվրասիական տնտեսական տարածք ճանապարհը, այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքով՝ Ղազախստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները բոլոր ուղղություններով ինտենսիվ զարգանում են։ «Մենք իրականացնում ենք համատեղ ծրագրեր տրանսպորտային, էներգետիկ եւ այլ ոլորտներում։ Ամրապնդվում են նաեւ առեւտրային կապերը։ Եթե Թուրքիան դուռ է դեպի Եվրոպա, ապա Ղազախստանը Թուրքիայի համար ճանապարհ է Եվրասիական տարածք»,- Դավուօղլուի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Շեշտվում է Ղազախստանի արտաքին քաղաքականության թուրքական վեկտորի կարեւորությունը
Իր հերթին Ղազախստանի նախագահը անհրաժշտ է համարել թուլացնել միջազգային լարվածությունը։ Նազարփաեւը նշել է, որ «Թուրքիայի շուրջ աճող աշխարհաքաղաքական լարվածությունը ազդում է նաեւ Ղազախստանի վրա»։

«Այսօր անհրաժեշտ է ստեղծված իրավիճակից ելքեր փնտրել։ Տեղի ունեցող իրադարձությունների շատ պատճառներ մնում են անհասկանալի։ Սիրիայում եւ Իրաքում հակամարտությունը ցույց է տալիս  մահմեդականների միասնության բացակայությունը։ Մենք մոտեցել ենք այն կետին, երբ հնարավոր է Արեւմուտքում նախկինում կանխատեսված սունիների եւ շիաների միջեւ հակամարտությունը»,- Նազարբաեւի խոսքերն էլ մեջբերում է իր մամուլի ծառայությունը։

Նազարբաեւը շեշտել է, որ Ղազախստանի համար «նաեւ մեծ խնդիր է դարձել Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների ճգնաժամը… Երկու երկրներն էլ մեր կարեւորագույն դաշնակիցներն ու գործընկերներն են»։

Ղազախստանի նախագահն ընդգծել է, որ Դավութօղլուի այցը Աստանա վկայում է Ղազասխտանի արտաքին քաղաքականության համար թուրքական վեկտորի կարեւորությունը։

Դավութօղլուն Ղազախստանը համարում է իր երկրորդ հայրենիքը
Արդեն Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովի հետ հանդիպման ժամանակ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Ղազախստանն իր հայրենիքն է համարում,  «քանի որ այն իր նախնիների հայրենիքն է»։

«Հուսով եմ, որ այժմ վարչապետի պաշտոնում կարող եմ ավելի հաճախ այցելել իմ երկրորդ հայրենիք, քանի որ Ղազախստանը Եվրասիական մայրցամաքի աշխարհագրական կենտրոնն ։ Մեզ համար այն շատ մերձավոր հարեւան եւ շատ մերձավոր բարեկամ է»,- ասել է Դավութօղլուն։

 

 

Կարդացեք նաև

Back to top button