
տեղադրվել է ժամը 12։23- ին
լրացվել է ժամը 16։52- ին

Այսօր հինգշաբթի է ՝ կառավարության հերթական նիստի օրը: Օրակարգում ընդգրկված են եղել մոտ չորս տասնյակ հարցեր: Բոլորը՝ բացառությամբ մեկի՝ հաստատվել են: Կառավարությունը հաստատել է «Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի 2016-2020 թվականների ծրագիրը», որի նպատակն է իրականացնել համընդհանուր և փոխհամագործակցված միջոցառումներ՝ այդ հիվանդությունների հետևանքով հաշմանդամության և վաղաժամ մահացության նվազեցման համար: Հաստատել է Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի գարնանացան գարու, առվյուտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը և տվել ֆինանսական միջոցների օգտագործման թույլտվություն: Հողօգտագործողներին աջակցություն ցուցաբերելու և սերմացուների նկատմամբ պահանջարկը մասամբ բավարարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել արտերկրից ձեռք բերելու 1457 տոննա գարնանացան գարու առաջին վերարտադրության, 188 տոննա կորնգանի և «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ից 100 տոննա գարնանացան գարու էլիտային սերմացու։ Գործադիրում որոշել են նաև հավանություն տալ «Հրազդան ցեմենտ» ընկերությանը մոտ 510 մլն դրամ տույժից ազատելու օրինագծին։
Անդրադարձ վերջին շրջանում հանրությանը հուզող խնդիրներին՝ բնակչության շրջանում գազի սպառման ծավալների անկում, բենզինի գների նվազում: Օրակարգի հարցերից դուրս կառավարության նիստում նախ այս հարցերն էին քննարկման առանցքում: Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը դիմել է ՌԴ-ի կառավարությանը՝ առաջարկելով նվազեցնել Հայաստանին մատակարարվող գազի գինը: Ակնկալիքները, ի դեպ, այս առաջարկից մեծ են:
«Գազի սպառման ծավալների նվազումը ակնհայտորեն վկայում է, որ ընկերությունը կարող է ունենալ ավելի մեծ հասույթներ՝ ավելի ցածր գների դեպքում», ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
«Հայաստանի տնտեվարողների համար էական է իրենց արտադրանքի մրցունակությունը չխաթարող էներգակիրների գինը և մենք շահագրգռված ենք, որ հանրապետության էական ենթակառուցվածք հանդիսացող, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը լինի կայուն և խելամտորեն շահութաբեր»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ տնտեսության և բնակչության համար ևս գները պետք է լինեն մատչելի և շահավետ։ Ավելին՝ Հովիկ Աբրահամյանի կարծիքով՝ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը:
Կնվազի՞ գազի գինը, թե՞ ոչ, դեռ պարզ չէ, սա ապագայում, իսկ ներկայում, ըստ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի,մեր երկրում, նվազել են բենզինի գները՝ 2015-ի 470 դրամից հասնելով 390 դրամի: Դոլարային արտահայտությամբ՝ գներն ավելի շատ են նվազել՝ ըստ պաշտոնական վիաճակգրության: Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի ներկայացմամբ՝ մեկ տարվա ընթացքում բենզինի գները տասը, իսկ երկու տարվա ընթացքում՝ 28 տոկոսով են նվազել:
Այս անգամ համեմատությունները եվրոպական երկների հետ են ՝Գերմանիա, Ֆրանսիա, Չեխիա։ Բոլոր այս երկրների համեմատ, ըստ հակամենաշնորհային հանձնաժողովի նախագահի, բենզինի գներն ամենաշատը Հայաստանում են նվազել: Մեր երկրին ամենամոտը գտնվող Վրաստանում վաճառվող բենզինի գների մասին այդպես էլ անդրադարձ չեղավ ոչ նիստի ժամանակ, ոչ էլ արդեն կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում: Այդպես էլ չհնչեց նաև, ինչու՞ է Մոսկվայում բենզինի գինը երկու անգամ ցածր՝ Հայաստանում վաճառվող բենզինի գնից հարցի պատըասխանը : Փոխարենը մի քանի անգամ Արտակ Շաբոյանը հայտարարեց՝ բենզինի վաճառքի գինը ձեռքբերման գնի հետ ադեկվատ է:
Ի դեպ, Արտակ Շաբոյանն ընդգծեց, որ Հայաստան բենզին ներկրվում է Ռուսաստանից, որտեղ արդյունահանման ծախսերը մեծ ծավալի են հասնում, հարկերի տեսակարար կշիռն էլ բարձր է: Նաև նշեց, որ որոշ տնտեսվարողներ նաև Ռումինիայից ու Բուլղարիայից են ներկրվում: Դաշտը մոնոպոլիզացված չէ: Ի տարբերություն նախկինի՝ այժմ բենզին են ներկրում երկու ընկերություններ՝ Ֆլեշն ու CPS-ը:
Գործադիրն այսօր հաստատեց ու ԱԺ ուղարկեց «Հրազդան ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: էկոնոմիկայի նախարար Կարեն ճմշարիտյանը գործադիրին առաջարկեց ընկերությանն ազատել մոտ ՝ 510 մլն դրամ տույժերից: Ստեղծված իրավիճակի, այսպես ասենք, մեղավորը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն է: Տույժերն առաջացել են հարկերը չմուծելու պատճառով:
Գործարանի հաշվիներն արգելափակված են, ընդհնաուր պարտքն էլ կազմում է մոտ մեկ մլրդ դրամ: «ՎՏԲ Հայաստան »բանկում գրավադրված է նաև գույքը: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ բանկն ստանձնել է ընկերության առողջացամն ու վերագործարկման պարտավորությունը։
«Սամտ հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն էլ «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տրամադրվեց՝ հինգ տարի ժամանակով: Մոտ կես մլն դոլարի նեդրում է կատարվելու, ստեղծվելու է 25 նոր աշխատատեղ:
ՀՀ կառավարության, Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության և «Գրեյնջ Փաուեր» ՍՊԸ-ի միջև կնքվելիք հուշագրով՝ Վանաձորի մոտակայքում գազային նոր էլեկտրակայան կառուցվի: ՀՀ էներգետետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի ներկայացմամբ՝ «Համակցված շոգեգազային ցիկլով» էլեկտրակայանը կլինի 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ և ոչ պակաս 50,5 տոկոս ընդհանուր ՕԳԳ ապահովող էլեկտրաէներգիա արտադրող: «Ծրագրի համար կներդրվի 220 մլն դոլար:
2016 թվականի գարնանացան գարու, առվյուտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը հաստատելու և ֆինանսական միջոցների օգտագործումը թույլատրելու մասին նախագիծը նույնպես հաստատված է, այս տարի գյուղացուն մեկ կգ գարին ու կորնգանն ավելի մատչելի գնով կտրամադրվեն:
Հաստատվեց նաև ոստիկանության կողմից կենսաչափական անձնագրերի տպագրության համար նոր սարքեր գնելու որոշման նախագիծը։ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի ներկայացմամբ՝ որոշման նպատակը անձնագրային և վիզաների վարչությունում առաջացող հերթերից խուսափելն է: Նախատեսվում է ավելացնել կենսաչափական տվյալներ հավաքող շարժական սարքերի քանակը՝ հաշմանդամների համար անձնագրեր տպելու համար, ինչպես նաև ընդլայնել անձնագրերի տրամադրման գործընթացը Հայաստանի դեսպանատներում ու հյուպատոսարաններում։
Կառավարության որոշմամբ՝ Երևանի «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կվերակազմավորվի «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի:
Գործադիրը մերժեց ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենդրական նախաձեռնությունը, որով նաև կառավարությանն առաջարկում էր փոփոխություններ կատարել «Հեռուստատեսության և ռադիոյի» մասին օրենքում և ՀՀ տարածքում գործող բոլոր հեռուստաընկերություններին պարտավորեցնել եթերով հեռարձակվող կինոֆիլմերը ցուցադրել պետական՝ հայերեն լեզվով: Նախագծի ընդունման պարագայում Հայաստանի Հանրապետությունում գործող հեռուստաընկերությունների վրա կդրվի լրացուցիչ ֆինանսական բեռ, քանի որ թարգմանությունը կարող է իրականացվել կամ սեփական միջոցների կամ տվյալ կինոֆիլմն արդեն իսկ թարգմանած հեռուստաալիքից գնելու միջոցով: Տվյալ հանգամանքն արդյունքում կարող է հանգեցնել փոքր բյուջեով հեռուստաընկերությունների գործունեության դադարման: Բացի այդ՝ օրենքի նախագծի ընդունման դեպքում կխախտվեն ազգային փոքրամասնությունների իրավունքները:




