

Փետրվարի 7-ին հայ առաքելական եկեղեցին կնշի Բարեկենդանի տոնը: Սուրբ Սարգիս եկեղեցում առավոտյան մատուցված պատարագից հետո եկեղեցու բակում տեղի կունենա տոնական շքերթ, որի մասնակիցներն ավելի ուշ Մաշտոցի պողոտայով կշարժվեն դեպի Ազատության հրապարակ: Այստեղ նախատեսված է տոնական մեծ միջոցառում: Նշենք, որ Արարատյան Հայրապետական թեմն արդեն 3-րդ տարին է` մեծ շուքով նշում է Մեծ Պահքին նախորդող Բուն Բարեկենդանի տոնը: Այն շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրն է: Նշվում է Սուրբ Հարության՝ Զատկի տոնից 48 օր առաջ, ուստի, ինչպես և Զատիկը շարժական է: «Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Սա ուրախության տոն է»,-անդրադառնալով առաջիկա տոնին այսօր նշել է Արարատյան հայրապետակա թեմի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր տեր Շահե քահանա Հայրապետյանը:
Սովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Այս տարի այն նշվում է փետրվարի 7-ին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի` գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր տեր Շահե քահանա Հայրապետյանն է պարզաբանում:
Բուն բարեկենդանի տոնին մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության տոնը: Հնում Բարեկենդանն այնքան սիրված ու սպասված տոն էր, որ հաճախ անվանում էին «հայոց ազգի օրեր»:
Այդ օրերին թույլատրվում էր առատ ուտելիք, կերուխում:
Պարտադիր ճաշատեսակը խաշիլն էր, որով սկսվում էր տոնը և երկու շաբաթ պատրաստվում բոլոր տներում: Վերջին օրը, երեկոյան, կաթնապուր ու մածում էին ուտում, վրայից` խաշած ձու, ասելով. «Բերաններս փակում ենք սպիտակ ձվով: Աստված արժանացնի կարմիր ձվով բաց անելու»,- ակնարկելով, որ ահա սկսվում է Մեծ պահքը, որի 48 օրերի ընթացքում այլևս ձու չպիտի ուտեն մինչև Զատիկ: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծից փոքր: Բարեկենդանի օրը անգամ չքավորներն ու աղքատներն էին վայելում տոնական սեղանը: Այդ օրը հիշում էին նաև պանդխտության մեջ գտնվողներին ու երգում էին հատուկ տաղեր: Օրվա խնջույքը շատ տեղերում ջնջում էր բոլոր տարբերությունները. «Իրար հետ սեղան էին նստում ծերունի սկեսրայրն ու մանկամարդ հարսը, կին տղամարդ, բոլորը միասին վայելում էին տոնական ուտեստները: Բարեկենդանի գլխավոր զվարճությունը, սակայն, դիմակավոր խաղերն ու թատերական ներկայացումներն էին, որոնց ընթաքցում կատակներով քննադատության էին ենթարկվում մեծավորներն ու իշխանավորները: Մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը: Նույնիսկ եկեղեցին խստակենցաղ հոգևորականների համար այդ օրը որոշ ազատություն էր սահմանում: Փաստորեն, Բուն Բարեկենդանը, բացի խրախճանքից, կեր ու խումից, նաև ազատության օր էր: Տեր Շահե քահանայի խոսքով, սա ուրախության տոն է, որն այնքան պակասում է մեր օրերում.
«Ահա եկավ հայոց ազգին օրերը,
Հանեցեք հիները, հագեք նորերը:
Բարեկենդան, փորեկենդան,
Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորեր է…»,- երգում էին բարեկենդանի տոնին:
Բուն Բարեկենդանի նախորդ օրը՝ շաբաթ երեկոյան, ժամերգության ընթացքում եկեղեցու խորանի վարագույրը քաշվում է, խորանը ծածկվում է և այսպես շարունակվում է ողջ պահքի ընթացքում: Պահքի ընթաքցքում մատուցվում է փակ պատարագ մինչև Սուրբ Հարության տոնը:




