Հասարակություն

Կոռուպցիոն ռիսկերը ու նոր խոստումները` հաշմանդամության կարգ ստանալու համակարգում

lianaeghiazaryan

Ի՞նչ է փոխվել վերջին մեկ տարում հաշմանդամության կարգի տրամադրման` բժշկասոցիալական փորձաքննության համակարգում: Ոլորտի պատասխանատուն խոսում է իրականացվող բարեփոխումների ու կոռուպցիոն ռիսկերի մասին` միաժամանակ «Ռադիոլուր»-ին տեղեկացնելով, որ միայն անցյալ տարի հաշմանդամության կարգ ստանալու հետ կապված 367 դիմում-բողոք են ուղղել քաղաքացիները, 8 դիմում` կոնկրետ կոռուպցիոն ռիսկերի մասով: Ինչո՞ւ բոլոր փոփոխություններով հանդերձ այս համակարգը շարունակում է հարուցել քաղաքացիների դժգոհությունն ու բողոքը եւ ի՞նչ է հորդորում բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը:

 

Անցյալ տարի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Բժշկասոցիալական փորձաքննությունների գործակալության» Կոտայքի տարածքային հանձնաժողովի նախագահի ձերբակալությունը մեծ աղմուկ առաջացրեց, նաեւ` շատ քաղաքացիների զարմանքը: ԲՍՓ կամ ինչպես ընդունված է ասել` հաշմանդամության կարգ տրամադրող հանձնաժողովների կոռումպացվածության մասին քաղաքացիները միշտ են բողոքում:

Ահազանգում են, որ 30-80 հազար դրամ է արժենում մեկ թղթում մեկ ձեւակերպումն այնպես փոխելու համար, որ հաշմանդամության ասենք երրորդ կարգը հեշտությամբ երկրորդի փոխվի: Դժգոհում են, որ մարդու առողջական վիճակը պարզապես գնահատելու ու կարգը առանց կողմնակի սպասումների տալու տրամաբանական շղթան ընդհատվում է:

Որ կոռուպցիոն ռիսկեր կան, չի հերքում ու իր ձեւակերպմամբ` չի էլ կարող հերքել այս ոլորտի պատասխանատուն` բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը: «Այսօր ոչ մեկը չի կարող ասել, թե կա մի համակարգ, որտեղ փող չեն վերցնում: Ով էլ ասի` սուտ է ասում: Բայց մենք բացառում ենք, որ մարդկանց հետ պայմանավորվեն, ասեն` այսքան գումար կբերեք, մենք քեզ այս կարգը կտանք, կամ որ կարգը հասնի, չտան: Եթե պահանջեն նման գումար, ինքներս կմիջամտենք, որ նրանց բռնեն: Եթե մարդկանց կանչում ես, հետները պայմանավորվում ես, իրենց համար ամեն պայման ապահովում են, ու հետո գնան այդ տեսակ բան անեն, դրանց հետո ինչ էլ անես, հասնում է»:

Կաշառք ստանալու կասկածով ձերբակալված Կոտայքի ԲՍՓ հանձնաժողովի նախագահ Մելսիդա Դանիելյանի գործը դեռ քննության փուլում է: Մինչ ոստիկանությունը հայտարարում է քաղաքացուց կաշառք ստանալու պահին բռնվելու մասին, Սողոյանը խոսում է նաեւ արդարացման հնարավորության մասին: «Քանի դեռ չի վերջացել, հնարավոր է արդարացվի, հնարավոր է եւ ամենախիստ պատիժն ստանա»,- ասում է։

Սրանով հանդերձ` Սողոյանը նաեւ իր խնդրանքն է փոխանցում քաղաքացիներին` իր հետ նման դեպքերի մասին խոսել փաստերով, թարմ փաստերով: Հին, ոչ իր աշխատած ժամանակների խնդիրներն իրեն չվերագրել: «Ոչ մեկի չեմ մեղադրում: Ասում եմ` նախկինում ինչ եղել է, ես դրա համար պատասխան տալ չեմ կարող: Հին դեպքերը չպետք է ստվեր գցեն ներկայի վրա: Եթե հիմա ինչ-որ դեպքեր լինում են, ասում եք, կատարողը ենթարկվում է ամենախիստ պատասխանատվության»:

Անցյալ տարի հաշմանդամության կարգ ստանալու հետ կապված 367 դիմում-բողոք են ուղղել քաղաքացիները, 8 դիմում` կոնկրետ կոռուպցիոն ռիսկերի մասով: 2014-ի 490-ի համեմատ դիմումները պակասել են, բայց ավելացել են կոռուպցիոն ռիսկերի ահազանգերը:  Սողոյանը վստահեցնում է` իրենք գնացել են բոլոր 367 ահազանգերի հետքերով, բայց հատկանշական է, որ որեւէ խնդրի այդպես էլ չեն բախվել: «Մենք բոլորի հետևից գնացել ենք, ոչ մի տեղ նման բան չի եղել: Հիմնականում հին բաների մասին է խոսքը»։

Ամեն դեպքում՝ Բժշկասոցիալական փորձաքննությունների գործակալության պետը խոսում է նաեւ իրենց աշխատանքի արդյունքներից ու բարեփոխումներից: Որ կոռուպցիոն դեպքերը նվազագույնի ենք հասցնում, փաստ է, նշում է Արմեն Սողոյանը: «Քայլերից մեկն է փորձաքննող աշխատակիցներին ռոտացիոն կարգով տեղափոխելը: Եթե մի անձը երկար ժամանակ նույն տեղում աշխատում է, արդեն հարմարվողականություն է ձեռք բերում: Նաեւ մոնիտորինգ  է անցկացվում, եթե ինչ-որ բան այն չէ, միջամտում ենք»,- ասաց Սողոյանը:

Մեկ այլ փոփոխությամբ` երեխաների ու մեծահասակների հաշմանդամությունը հետայսու առանձին փորձաքննողների կհանձնարարվի: Սողոյանը հուսով է, որ փետրվար-մարտին կընդունվի մի որոշում, որով հիվանդության պատճառով զորացրված զինվորականները, որոնք հաշմանդամ չեն ճանաչվում, առաջիկայում հնարավորություն կունենան վերականգնման անհատական ծրագրեր անցել պետպատվերի շրջանակներում: «Այսինքն` այն խնդիրը, որի հետեւանքով նա ունի ֆունկցիայի խանգարում եւ կենսագործունեության որոշակի սահմանափակում, այս դեպքում լուծվում է, ինչը շատ կարեւոր է»:

2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված է շուրջ 201 հազար հաշմանդամություն ունեցող անձ` բնակչության 6,6 տոկոսը: Նրանցից մոտ 8 հազարը երեխաներ են: Հաշմանդամ ճանաչվածների հիմնական 31,4 տոկոսն ունի արյան շրջանառության,  10,8 տոկոսը հոգեկան,  7,9 տոկոս նյարդային համակարգի հիվանդություններ: Նորագոյացություններ ունի 8,1 տոկոսը:

 

Կարդացեք նաև

Back to top button