Հասարակություն

Էական քայլ կատարվեց «Անձնական տվյալների պաշտպանության» ոլորտում. Արփինե Հովհաննիսյան

karenghazaryan
Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը եւ Եվրոպայի խորհուրդն այսօր անցկացրել են քննարկում՝ «Անձնական տվյալների պաշտպանությունն ու տեղեկատվության ազատությունը» թեմայով: Քննարկման առիթը հունվարի 28-ին նշվող Անձնական տվյալների պաշտպանության միջազգային օրն է: Այս օրը նշվում է արդեն 10 տարի: Այդ կապակցությամբ քննարկումների մասնակիցներին շնորհավորել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ վստահեցնելով, որ անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում պետական ապահովվածություն է ստացել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով: Նախարարը նաեւ շեշտել է, որ սահմանվել են անձնական տվյալների մշակման օրինականության նկատմամբ անկողմնակալ եւ մշտական հսկողություն իրականացնելու մարմին՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը:

 

Որպես սահմանադրական իրավունք՝ անձնական տվյալների պաշտպանությունն իրականում ունի արժեվորելու կարիք՝ նշեց մեր երկրի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մեր դարաշրջանում պետությունն, իրապես, պետք է ստանձնի պարտականություններ, լուրջ պարտավորություններ իր վրա  վերցնի՝ անձնական տվյալների պաշտպանության իրավունքի իրացումը պատշաճ կերպով ապահովելու համար»:

Մինչ 2015 թվականի հուլիսի մեկը, նախարարի գնահատմամբ, անձնական տվյալների՝ Հայաստանում առկա պաշտպանությունը չէր բավարարում միջազգային չափանիշներին, և այսօր առկա մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ էին օրենսդրական նոր մոտեցումներ:

«Ես կարծում եմ, 2015 թվականի հուլիսի մեկից, երբ ընդունվեց «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը, մենք էական քայլ կատարեցինք և զգալի առաջընթաց ապահովեցինք»:

ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության ստեղծումը կարեւոր էր եւ այն ի զորու է կատարելու իր պարտականությունը՝ վստահեցրեց նախարարը: Ըստ նրա՝ անձնական տվյալների պաշտպանության ոլորտում յուրաքանչյուրն ունի իր պարտականությունը, պարտավորությունը՝ իր լուման ներդնելու,  որպեսզի անձնական տվյալների պաշտպանության ոլորտում հնարավոր լինի որոշակի  քայլերի հաջորդականությամբ ձեւավորել դրական պրակտիկա:  Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ այդ հարցում որևէ մեկի դերը թերագնահատել չարժե. յուրաքանչյուրն իր հերթին՝ թե՛ ՏՏ ոլորտի մասնագետները, թե՛ իրավաբանները, թե՛ ամեն պահի այդ հարցի հետ առնչվողներն իրենց լիազորությունների շրջանակում ունեն անելիք։

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան էլ փոխանցեց, որ երեկ ամբողջ Եվրոպայում միջազգայնորեն նշվել է անձնական տվյալների պաշտպանության օրը: Համապատասխան ԵԽ կոնվենցիան ընդունվել է 1981 թվականին՝ հիշեցրեց նա՝ հավելելով.

«Հայաստանը 2012 թվականին միացել է այդ կոնվենցիային, որի շրջանակների մեջ մտնում է պետական մասնավոր և կամավոր սեկտորը, անձնական տվյալների հավաքագրումից մինչև վերացումը»:

Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել ցանկացած ջանքերին, որոնք վերաբերում են  կարողությունների զարգացմանը՝ ասաց ԵԽ Երեւանյան գրասենյակի ղեկավարը։

ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանն էլ նշեց, որ գործակալության սկզբունքներից մեկը  հրապարակային, բաց թափանցիկ գործունեությունն է:

«Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը պարտադրում է, որ գործակալությունը տարին մեկ անգամ հաշվետվությամբ հանդես գա»:

Գործակալության ղեկավարի կարծիքով՝ կառույցը կարող է լինել կանխարգելիչ գործառույթ իրականացնող մարմին, որի հետ համագործակցությունը կցանկանար փոխըմբռնման, փոխգործակցության վրա հիմնվեր: Նա վստահություն հայտնեց, որ քաղաքացիական հասարակության, մամուլի, բիզնես սեկտորի հետ համագործակցությունն էլ կլինի հաջողության գրավական:

Կարդացեք նաև

Back to top button