Հասարակություն

Ա. Պետրոսյան. Հայկական ԶՈւ-ն եվրոպական ստանդարտի բանակ է, այլ ոչ թե ասիական կամ տարածաշրջանային

aidaavetisyan

1992-1993 թվականներին երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց բանակը: 1992 թվականի հունվարի 28-ին հայրենի կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը: Հենց այս փաստաթուղթն էլ ազդարարեց ազգային բանակի ստեղծման սկիզբը: Այսօր բանակաշինության, հայկական բանակի մարտունակության և հայ զինվորի պատրաստակամության մասին են  խոսել ազատամարտիկները, լրագրողների հետ կիսվել իրենց հիշողություններով:

 

Մասնագիտությամբ բուժքույր Աիդա Սերոբյանը  38 տարեկան էր, երբ հեռուստացույցով լսեց արցախյան պատերազմում բուժքույրերի անհրաժեշտության մասին և միանգամից որոշել՝ մեկնելու է  Արցախ: Մանկահասակ երեխաներին թողել էր մոր խնամակալությանն ու  ուղևորվել մարտի դաշտ:

Մարտակերտում բուժքրոջ  աշխատանքի հետ միասին  զենք է կրել  ու  մարտնչել հանուն հայրենիքի: Խոստովանում է՝ հետևելով Հայրենական պատերազմի վետերանների օրինակին՝ մարտի դաշտ գնալու ցանկությունն առաջացել է վաղ հասակից:

Կին ազատամարտիկը հիշեց Ադրբեջանի նախկին նախագահ Էլչիբեյի  խոսքերը՝ երբ 1992 թվականին ասել էր, թե «ոտքերս Սևանա լճում եմ լվանալու» և  նշեց՝ եթե չլինեին կամավոր ազատամարտիկները, ապա վերջինիս ասածն իրականություն կդառնար: Ոսկեզօծ մեդալներով կուրծքը զարդարած՝ տիկին Աիդան հպարտությամբ է ասում՝ հանուն հայրենիքիս մարտնչել եմ 1991 թվականի վերջերից մինչև 94 թվականը՝ մինչև պատերազմի ավարտը:

Ազատամարտիկ Բաբաջան Բաբախանյանն էլ նկարչության և գծագրության մանկավարժ էր, երբ սկսվեց արցախյան պատերազմը: Ասում է՝ մասնագիտությունն օգնեց պատերազմում ևս ունենալ իմ ներդրումը:  Սպարապետ Վազգեն Սարգսյանի կողմից  նշանակվել է զենքի արտադրության  գծով կազմակերպիչ և ստեղծել անկախ Հայաստանի առաջին զինատեսակը՝ 25 կգ-անոց 63- րդ կալիբրի ականանետ, որն էլ կոչվել է Զորավար Անդրանիկի անվամբ:

Այնուհետև օժանդակել է այն գործարաններին, որոնք ունեին զենք արտադրելու հնարավորություններ: Եվ այսօր էլ այդ գործարանները շարունակում են  զենքի արտադրությունը:  Նոր մտահաղացումներ էլ ունի և փորձելու է  դրանք կյանքի կոչել:

«Արծիվ մահապարտների միություն» հկ նախագահ Աստվածատուր Պետրոսյանն էլ իր գնահատականը տվեց այսօրվա բանակին և նշեց, որ այն իր սպառազինությամբ, ռազմաստրատեգիական գործողություններով միջին բանակների շարքերում է. եվրոպական ստանդարտի բանակ է, այլ ոչ թե ասիական կամ տարածաշրջանային, ասում է գեներալ- մայորը:

Բաքվում ուսանած, Բաքվն կոտորածների ժամանակ բազում հայերի փրկած  Արկադի Մանգասարյանը գալով Հայաստան ՝ անդամագրվել է «Մահապարտ արծիվներ» ջոկատին։ Այստեղ էլ սահմանային  թեժ կետերում եղել է գումարտակի հրամանատար: Գանձասարի մարտերի ընթաքցում մի քանի անգամ վիրավորված ազատամարտիկն էլ իր հերթին նշեց, որ 91 թվականից մինչ այսօր հայկական բանակը մարտունակ է, հայ զինվորն էլ պատրաստակամ մարտնչել հանուն հայրենիքի:

Այսօրվա բանակն ունի ոչ թե սպառազինության, այլ ճիշտ ժամանակին արագ արձագանքման խմբերի միջոցով զինվորի և հասարակության անվտանգության ապահովման և բանակ- հասարակություն կապի ամրապնդման խնդիր, նշեց Աստվածատուր Պետրոսյանը:

 

Կարդացեք նաև

Back to top button