

Հունվարի 20- 21- ին Ստրասբուրգում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստը, որի ավարտին ընդունվել է եզրափակիչ՝ 16 կետանոց հայտարարություն եւ առաջարկություններ: Այսօրվա գնահատականներով այս անգամ հայկական պատվիրակության հաջողվել է լուրջ ձեռքբերում եւ հաղթանակ արձանագրել եվրոպական այդ լուրջ հարթակում՝ հատկապես վաղը ԵԽԽՎ-ում աղմկահարույց հակահայկական քննարկումներից եւ քվեարկությունից առաջ:
Ստրասբուրգից վերադարձած հյ պատգամնավորները փաստում են. վերջապես հաղթահարվեց Եվրամիության եւ Հայաստանի միջեւ առկա ճգնաժամը, որն առաջացել էր Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության անակնկալ որոշումից հետո, որի պատճառով չստորագրվեց Ասոցացման համաձայնագիրը: Հարաբերությունների մեջ առաջացած սառնության պատճառով երկու տարի առաջ նույնիսկ հնարավոր չեղավ գումարել հերթական այսպիսի նիստը, իսկ այսօր արդեն «սառույցը տեղից շարժվեց», փաստում է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ, պատգամավոր Ալիկ Արզումանյանը:
Բացի Եվրամիությանը հուզող կարեւորագույն բանակցային կետերից՝ փաստաթղթում ներառված է նաեւ 3 կետ, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: Սա վերջին պահին արված առաջարկություն էր գերմանացի պատգամավորի կողմից: Ընդվզողներ, իհարկե, եղել են, բայց քվեարկության ժամանակ փաստաթուղթն ընդունվել է այնպես, ինչպես առաջարկվել է՝ առանց փոփոխությունների: Այս ամենի կարեւորությունը՝ հատկապես ԵԽԽՎ-ում սպասվող վաղվա աղմկահարույց հակահայ քննարկումներից եւ քվեարկությունից առաջ, շատ մեծ է։
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի փաստաթղթում, ի դեպ, կա եւս մեկ նախադեպը չունեցող ձեւակերպում: Առաջին անգամ այս կարգի փաստաթղթում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը: Այն է՝ Բոլոնյան հռչակագրի հիման վրա ԼՂ ուսանողները կարող են ԵՄ ծրագրերին մասնակցել: Սրա նախադեպը չի եղել, թեեւ տարիներ շարունակ հայկական կողմը փորձել է միջազգային հանրությանը համոզել եւ ապացուցել, որ Ղարաբաղը ապրող եւ զարգացող օրգանիզմ է, որտեղ կան բնակիչներ՝ իրենց իրավունքներով:
Պատգամավորներն այսօր փաստեցին. այս անգամ գործել են այսպես ասած «հայի վերջին խելքի» սցենարով, գուցե քիչ ուշացումով, բայց օգտագործվել է դիվանագիտական եւ խորհրդարանական ողջ ներուժը: Չգիտեն, թե ինչպես այս ամենը կազդի ԵԽԽվ-ում ընթացող աշխատանքների վրա, բայց ամեն դեպքում արված աշխատանքը ջուրը չի ընկնի, քանի որ կարեւորագույն հարցերի հիմքեր են դրվել:
Ինչ վերաբերում է ԵՄ հետ մեկնարկող բանակցություններին՝ ԵՏՄ շրջանակներում Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսատսնի վերաբերմունքին, ապա որոշ գնահատականների համաձայն՝ վերջին օրերին Հայաստանից ներկրվող մսամթերքի վրա արգելանք դնելու որոշումը հենց Ռուսաստանի զգուշացումն է ու վերաբերմունքը Հայաստանի եվրոմերձեցմանը:
Հավելենք, որ ԵՄ-ն այս անգամ ակնկալում է, որ Հայաստանի հետ բանակցությունները շատ արագ կընթանան, քանի որ Ասոցացման համաձայնագրի բանակցություններից հետո արդեն լավ հիմք կա:




