

Օդակաթիլային ճանապարհով Թուրքիայից Հայաստան է հասել դաբաղ հիվանդության նոր տիպ, որը ոչ միայն մեր երկրում, այլ նաև տարածաշրջանում նախկինում չի գրանցվել: Մինչ այդ` վիրուսը Հնդկաստանում և Սաուդյան Արաբիայում էր գրանցվել: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այսօր արձագանքել է Ռուսաստանի կողմից Հայաստանից արտահանվող որոշ ապրանքների ժամանակավոր արգելանքի խնդրին5 ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանն այսօր վստահեցրել է, որ անհրաժեշտ միջոցառումներն իրականցնում են, արտառոց ոչինչ չի պատահել, սպառողները կարող են շարունակել միս ու կաթնամթերք գնել: Այսօր նաև պարզվել է, որ հայկական լրատվամիջոցների հրապարակումների պատճառով մեր երկրի արտահանող ընկերություններն արդեն խնդիրներ ունեն: Բացի Ռուսաստանից` ևս մի երկիր արգելանք է դրել։
Օդակաթիլային ճանապարհով Թուրքիայից Հայաստան, իսկ ավելի հստակ՝ Արմավիրի մարզ է հասել դաբաղի բոլորովին նոր ենթատեսակ: Հիվանդությանը չխանգարեց անգամ հայ-թուրքական փակ սահմանը: ՍԱՊԾ-ում վստահեցնում են՝ անհանգստանալու պատճառ չկա, անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներն արված են: Հիվանդ կենդանին ոչնչացված է: Հիվանդությունը բուժում չունի, պետք է կանխարգել , կանխարգելեու համար էլ նոր պատվաստանյութ է անհրաժեշտ:
Նախկինում դաբաղ հիվանդության համար պատվաստանյութ ներկրող ընկերության հետ կնքած պայմանագիրը չեղյալ է համարվել, դիմել են ՌԴ և խնդրել, որ ՀՀ-ին անհրաժեշտ պատվաստանյութի քանակը շատ արագ պատրաստվի: Դաբաղն այն հիվանդությունն է, որը կարելի է նկատել անգամ անզեն աչքով, հիվանդությունը հնարավոր չէ թաքցնել, գյուղացիները կարող են առանց անասնաբույժի օգնության էլ հասկանալ՝ կենդանին դաբաղով վարակված է՞, թե՞ ոչ:
Սա կենդանուց մարդուն անցնող հիվանդություն չէ,ասում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանն ու բացառություն ներկայացնում՝ մանկահասակ երեխաները՝ 0-2 տարեկան, եթե հիվանդ կենդանու ջերմային մշակում չանցած կաթ օգտագործեն, բերանի խոռոչում խոցեր կառաջանան: «Նույնիսկ գրվում էր, որ կենդանու հետ շփվելիս, միսը օգտագործելիս մարդը վարակվում է։ Չկա նման բան, չկա նման մտավախություն: Դրա համար էլ 23-ին չի եղել այն հաղորդագրությունը, որ ես էլ ձեր հետ միասին փորձում ենք հասկանալ, ինչու չի իրազեկվել,որովհետև նախ հիվանդ կենդանի չկա: Մենք ունեցել ենք երկու խոզի դեպք, մեկ՝ խոշոր եղջերավորի: Վերջինս եղել է 2015թ ծնված հորթ, հասկանալի լեզվով ասեմ՝ կաթ չէր տալիս: Ոչնչացվել է խոշորը, խոզերն են հետը միասին թաղվել են, հիվանդ կենդանի չունենք, որի մասին խոսենք»,- ասում է տեսչությանը պետը։
Մասնագետը սպառողներին հորդորում է հանգիստ լինել ու շարունակել մսի ու կաթնամթերքի գնումը, ավելին՝ հորդորում է սիրողական մակարդակով չխոսել հիվանդությունների մասին, չոփը գերան չդարձնել: Հատկապես, ինչպես ՍԱՊԾ ներկայացուցիչն է փաստում, մեր երկրից դեպի ՌԴ արտահանումը շարունակվում է։ «Ավելի պարզ, ավելի կարճ, ավելի կոնկրետ՝ ՀՀ ինչ արտահանում էր մինչ օրս ՌԴ՝ արտահանում է։ Ամսի 20-ին չորս մեքենա, 21-ին՝ հինգ մեքենա պանիր է արտահանվել ՌԴ: Այս պահի դրությամբ որևիցե նախկինում արտահանվող ապրանքի վրա սահմանափակում չի դրվել»:
Մամուլի հրապարակումներն ու ոչ մասնագիտական վերլուծությունները, ըստ Հովհաննես Մկրտչյանի, պատճառ են դարձել, որ երկու երկիր ժամանակավորապես Հայաստանից ապրանք չի ընդունում: Ստացվում է, որ արտահանողներն իսկապես խնդիրներ ունեն, բայց, լրատվամիջոցների պատճառով, այլ ոչ թե Թուրքիայից Հայաստան եկած դաբաղի:
Ի դեպ՝ որ երկրների մասին է խոսքը, այդպես էլ չհաստակեցվեց: Եվ վերջում՝ օդակաթիլային ճանապարհով տարածվող վիրուսին առայժմ խոչընդոտում է ցուրտ եղանակը։ Գերատեսչությունում հույս ունեն, որ անհրաժեշտ պատվաստանյութը Հայաստան կհասնի մինչեւ եղանակների տաքանալը:




