Հասարակություն

Կայացել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հոբելյանական 10-րդ նիստը

karenghazaryan
Երեւանում կայացել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հոբելյանական 10-րդ նիստը: Նիստը նախագահել են՝  հայկական կողմից հանձնաժողովի նախագահ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը, ռուսական կողմից հանձնաժողովի նախագահ, ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային գործակալության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը:

Նիստի ընթացքում քննարկվել են հանձնաժողովի նախորդ նիստի ժամանակ ընդունված որոշումների կատարման ընթացքի, ռազմատեխնիկական համագործակցության նորմատիվ-իրավական բազայի կատարելագործման, ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հետ կապված, ինչպես նաեւ ոլորտում համագործակցությանն առնչվող այլ հարցեր: Ողջունելով հանձնաժողովի հոբելյանական նիստի մասնակիցներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գոհունակություն է հայտնել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքի կապակցությամբ, ինչը ծառայում է երկու բարեկամ երկրների համատեղ պաշտպանունակության եւ տարածքային անվտանգության եւ կայունության ամրապնդմանը:

Սեյրան Օհանյան. «Աշխատանքների ձեռքբերումներից մեկը ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի դաշնության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրն է, որը նոր խթան հաղորդեց մեր միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը: Հայկական կողմը մշակել է համաձայնագրի կատարման որոշումների շարք, դրանց իրականացման մեխանիզմները մշակվել եւ համաձայնեցվել են Հայաստանի շահագրգիռ նախարարությունների եւ գերատեսչությունների հետ: Պատրաստվել է  ստորագրման պաշտպանական ոլորտում ֆինանսական եւ արդյունաբերական ռուս-բելառուսական միջպետական խմբին ՀՀ ձեռնարկությունների միանալու վերաբերյալ համաձայնագիրը: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է իր պատրաստակամությունը՝ հետագայում եւս իրականացնելու անհրաժեշտ քայլեր՝ աջակցելով հանձնաժողովին՝ համատեղ ջանքերով ուժեղացնելու համագործակցությունը ռազմատեխնիկական բոլոր ոլորտներում: Մենք, ինչպես միշտ, բաց ենք համագործակցության համար»:

Կարդացեք նաև

Back to top button