
Պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցի օրը մեդիայի ազատության հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը կրկին հորդորել է արագ և թափանցիկ դատական գործընթաց ապահովել` բացահայտելու սպանության պատվիրատուներին, նշված է ԵԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ:
«Ես շարունակում եմ հուսալ, որ դատական գործընթացի վերջին զարգացումների արդյունքում սպանության թաքնված պատվիրատուները կհանձնվեն արդարադատությանը: Հավատացած եմ, որ հետաքննությունն ի վերջո արդարություն կբերի Դինքի ընտանիքի, ընկերների և գործընկերների համար: Սպանության պատասխանատուների բացահայտումը նաև ողջ հասարակությանը ցույց կտա խոսքի ազատության կարևորությունը և անհրաժեշտությունը` շարունակել պայքարը լրագրողների նկատմամբ բռնությունների դեմ»,- ասել է Միյատովիչը:




