Հասարակություն

Հրանտ Դինքի սպանությունից անցել է 9 տարի (լրացված)

alisagevorgyan
Հունվարի 19-ը Հրանտ Դինքի նահատակության օրն է: Նա սպանվեց  Թուրքիայում՝ 2007 թվականին,  իր ղեկավարած «Ակոս» թերթի խմբագրատան առաջ, գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից: Սպանվեց, որովհետև Թուրքիայում համարձակվում էր խոսել Հայոց ցեղասպանության ու մարդու իրավունքների, արդարության մասին: «Դինքի սպանության գործով դատավարությունը Թուրքիայում վերածեցին կատակերգության: Այդ գործով ձերբակալվել ու դատապարտվել են մի շարք մարդիկ, բայց սպանության իրական կազմակերպիչները մինչ օրս էլ անպատիժ են»,-անդրադառանալով Հրանտ Դինքի մահվան 9-րդ տարելիցին այսօր ասել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

 

 

Հրանտ Դինքը ծնվել էր Մալաթիայում՝ 1954 թվականին: Ընտանիքի երեք զավակներից ավագն էր: Հայրը՝ Սարգիս Դինքը թեև ճանաչված արհեստավոր էր, բայց տարված էր թղթախաղով, որն էլ ընտանիքի փլուզման առիթը դարձավ: 1961 թվականին դատարանի որոշմամաբ երեխաների խնամակալությունը հանձնվում է հորը:

Չցանկանալով մորից բաժանվել երեք երեխաները դիմում են փախուստի: Երվանդ Դինքը տարիներ հետո այս փախուստի մասին գրում է.«Հրանտը մեծ մարդու նման հասակից բարձր գործ է բռնում, կազմակերպում է փախուստը: Կյանքի դեմ դա նրա գուցե առաջին ըմբոստությունն էր: Հետագայում Հրանտն  իր ըմոստությունն արտահայտելու էր իր իսկ հիմնած «Ակոս» թերթում, բանավոր ելույթներում: Հայ ճանաչված մտավորականն առաջին անգամ Թուրքիայում համարձակվելու էր խոսել Հայոց ցեղասպանության մասին: Խոսելու էր նաև այս երկրում ժողովրդավարության անհրաժեշտության, խոսքի ազատության, ազգային ու կրոնական փոքրամասնությունների և, ընդհանրապես, մարդու իրավունքների մասին՝ հավատալով, որ օրերից մի օր Թուրքիայում դրանք կարող են իրականություն դառնալ: Գուցե իր այս հավատքի ու ըմբոստության համար 2007 թվականի հունվարյան այս օրը Հրանտը դաժանորեն պատժվեց: Նա սպանվեց «Ակոս» խմբագրատան առաջ, գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից:

Դինքի  գործով ձերբակալություններն ու դատական գործընթացները շարունակվում են նաև այսօր: «Այս ողբերգությունը Թուրքիայում վերածվել է դատական կատակերգության»,-ասում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ով չնայած թուրքական իշխանությունների սրտաճմլիկ հայատարարություններին, չափազանց հեռու է այն մտքից, որ Հրանտ Դինքի սպանության իրական կազմակերպիչները կկանգնեն թուրքական արդարադատության առջև:

«Անշուշտ, մահից վախենում եմ, սակայն մահը ոչինչ է, եթե հանգուցյալը կարող է լինել ոտքերի վրա ամուր կանգնած մեկը…»: Հրանտ Դինքի այս խոսքերն իրենց ապացույցը գտան նրա մահվան հաջորդ իսկ օրը, երբ հազարավոր հայեր ու թուրքեր՝ մոմերով, ծաղիկներով ու Դինքի լուսանկարներով Թաքսիմ հրապարակից շարժվում էին դեպի սպանության վայրը՝ ձեռքերում  պահած  ցուցապաստառներ՝ մեկ ընդհանուր կարագախոսով. «Մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս Հրանտ Դինք ենք»:

Շատերն ասում են, որ Հրանտ Դինքն, այնուամենայնիվ, փոխեց Թուրքիան:

Կարդացեք նաև

Back to top button