Տնտեսական

Նավթի էժանացման ազդեցությունը Հայաստանի եւ Արտակ Շաբոյանի վրա

lianaeghiazaryan
Ինչպես պատահեց, որ նավթի միջազգային գների անկումը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին դրեց դժվար դրության մեջ` սեփական հայտարարություններով ինքն իրեն հակասելու առումով, ինչու է «ոչ նավթային երկիր» Հայաստանի վրա նավթի գինն ուղղակի ազդեցություն թողնում, եւ ինչու են տնտեսագետները նավթի գնով պայմանավորում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ավելացումը: Հարցի պատասխանները տնտեսագետ Բաբկեն Թունյանի հետ հարցազրույցում փնտրել է «Ռադիոլուրը»:

 

Ինչ զարգացումներ է ենթադրում նավթի գնի փոփոխությունը մեր տարածաշրջանի ու, մասնավորապես, Հայաստանի համար: Տնտեսագետ Բաբկեն Թունյանի կանխատեսումները դրական չեն: Անցյալ տարվա տվյալները հիմք վերցնելով` նա նկատում է, որ հունվար-նոյեմբերին Ռուսաստանից Հայաստան ուղարկվող  տրանսֆերտները շուրջ կես մլրդ դոլարով պակասել են: Նավթի գների անկմամբ պայմանավորված տնտեսական անկայությունը Ռուսաստանում շարունակվում է, այնպես որ Հայաստանի սպասելիքներն էլ առանձնապես լավատեսական լինել չեն կարող, տրանսֆերտների մասով` հաստատ:

«Այս տարի ՌԴ տնտեսական վիճակն ավելի վատ կլինի: Տրանսֆերտենրի նվազում հաստատ էլի կլինի, որքան` կանխատեսել չեմ կարող: Բայց կա մի շեմ, որից ավելի ՀՀ ուղարկվող գումարները չեն նվազի»:

Ռուբլու փոխարժեքի անկումն ու ռուսաստանյան տնտեսական խնդիրները հայ աշխատանքային միգրանտների համար ոչ շահեկան են դարձնում այնտեղ աշխատելը: Իսկ Եվրոպայում ահաբեկչության վտանգն ու փախստականների հսկա հոսքի պատճառով առաջ եկած լարվածությունը այլեւս շատ հայերի են հետ պահում երկրից տեղափոխվելու մտքից: Արդյոք այս փոփոխությունների պայմաններում Հայաստանից կնվազի միգրացիան: Տնտեսագետ Բաբկեն Թունյանը հարցին այլ տեսանկյունից է մոտենում:

«Մարդիկ, ցավոք, մեր երկրից արտագաղթում են ոչ միայն սոցիալական պատճառներով: Բոլորովին այլ դրդապատճառներ կան, ու այդ մասով այս վիճակը միգրացիայի տեմպերի վրա չի ազդի: Սակայն ՌԴ մեկնողների մասով ռուսաստանյան տնտեսական խնդիրները կազդեն,  աշխատանքային միգրանտների թիվը կնվազի»:

Իր եկամուտներն առավելապես նավթի արդյունահանումից ստացող Ադրբեջանը ֆինանսական լրջագույն խնդիրների առջեւ է կանգնել:  Այդ երկիրն անգամ հայտարարեց, որ եթե նավթի գինը շարունակի իր կտրուկ անկումը 30 դոլարից էլ ներքեւ, նավթի արդյունահանումը պարզապես կդադարեցվի:  Եկամտի կտրուկ կրճատումը ենթադրում է նաեւ բյուջեի ու դրա ռազմական բաղադրիչի կրճատում: Ինչպես սա կանդրադառնա հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վրա: Միանշանակ` ավելացմամբ, կարծիք է հայտնում  Բաբկեն Թունյանն` ի պատասխան  «Ռադիոլուր»-ի հարցին:

«Սահմանային լարվածություն կլինի, սոցիալական խնդիրներից ուշադրությունը նրանք կփորձեն շեղել սահմանային լարվածության ավելացմամբ: Դա է ցույց տալիս նախորդ տարիների փորձը: Իսկ այժմ վիճակն աննախադեպ է»:

Վերջին ամիսների զարգացումները ցույց տվեցին, որ, անկախ երկրի բնական հարստությունների չափից,  այն  կարող է լրջագույն տնտեսական խնդիրների առջեւ հայտնվել, եթե տնտեսական ու քաղաքական համակարգը նախնադարի մակարդակում է գտնվում, ասում է Բաբկեն Թունյանն ու մատնանշում հարեւան Ադրբեջանի օրինակը:   Ժամանակը ցույց տվեց, որ նավթի հետ կապված բոլոր զարգացումներն անկանխատեսելի են: Մեկ տարի առաջ անհեթեթություն կլիներ հայտարարել,  որ նավթի գինը 100 դոլարից կիջնի մինչեւ 30 դոլար ու որոշ կանխատեսումներով` կհասնի անգամ մինչեւ 10-15 դոլարի: Նավթի գնի ազատ անկումը Իրանի հանդեպ պատժամիջոցները հանելուց հետո միայն կարագանա, վստահ է տնտեսագետը:   Սա նշանակում է, որ որեւէ բան բացառել հնարավոր չէ:

Վերադառնալով հայաստանյան խնդիրներին` հետաքրքրվեցինք` նավթի ռեկորդային էժանացման պայմաններում ինչու ի վերջո չի էժանանում բենզինը Հայաստանում: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի մեկնաբանություններն այս հարցի առնչությամբ տնտեսագետ Բաբկեն Թունյանը բացարձակապես ընդունելի չի համարում: Շաբոյանն այն կարծիքին է, հիշեցնեմ, որ Հայաստանում վաճառվող բենզինի գնի մեծ մասը պայմանավորվում է տրանսպորտային ծախսերով ու հարկերով: Բայց չէ որ դրանք վերջին շրջանում չեն ավելացել, իսկ հումքը էժանացել է: Սա այս շուկայում ոչ թե մոնոպոլ, այլ օլիգոպոլ խնդիրների հետեւանք է, ասում է: Զրուցակիցս գտնում է, որ նույն Արտակ Շաբոյանն իր հայտարարություններով հակասում է ինքն իրեն:

«Շաբոյանը նշում էր, որ Հայաստանում վաճառվող գնի մեջ նավթի տեսակարար կշիռը 5-8 տոկոս էր, մնացածն այլ ծախսեր են, այնպես որ միջազգային գների տատանումը հայաստանյան գների վրա չպետք է ազդեն: Բայց նույն Շաբոյանը 3-4 տարի առաջ մեզ մոտ բենզինի գների բարձրացումը պայմանավորում էր նավթի միջազգային գների աճով: Այսինքն` մեզ մոտ ընտրանքային մոտեցումներ են»:

Back to top button