Վերլուծական

Բոլոր օմբուդսմենները հեռացել են համակարգի հետ կոնֆլիկտի արդյունքում. Ստյոպա Սաֆարյան

lenabadeyan
Հայաստանի իշխանությունը 2017 թվականի ընտրությհուններից առաջ պետք է ունենա նոր կառավարություն, եւ գործող կառավարության փոփոխության համար հիմքերը շատ են, համոզված է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը: Բայց նա կարծում է, որ ՀՀ Սահմանադրությունը տալիս է նաեւ կառավարության մասնակի փոփոխությունների հնարավորություններ եւ ամեն ինչը այս պահին կախված է նրանից, թե ինչ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն Հանրապետական կուսակցության հետ:

 

Սահմանադրական փոփոխություններից հետո շատ էր խոսվում եւ մինչեւ հիմա էլ խոսվում է Կառավարությունում սպասվող փոփոխությունների մասին: Բայց այս տարվա առաջին փոփոխությունը տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում: Հրաժարական ներկայացրած օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի բացատրություններից հետո նույնիսկ դրդապատճառները հստակ չեն, բայց այս հարցում արդեն ձեւավորված օրինաչափություն է նկատել Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը:

«Բոլոր օմբուդսմենները հեռացել են ուղղակիորեն համակարգի հետ կոնֆլիկտի արդյունքում: Այդպիսին էր եւ Լարիսա Ալավերդյանի գործունեությունն այդ պաշտոնում, այդպիսին էր Արմեն Հարությունյանի ճակատագիրը, նաեւ ակնհայտ է, որ համակարգի հետ ուղղակի բախման խնդիր ունի նաեւ Կարեն Անդրեասյանը: Անգամ իր մեկնաբանությունից նկատելի է, որ խոսքը վերաբերում է նոր Սահմանադրության նոր խաղի կանոնների օրոք այդ ինստիտուտի համար առաջանալիք խնդիրներին եւ դժվարություններին»:

Այս տարի սպասվող պաշտոնանկությունները եւ փոփոխությունները սրանով չեն ավարտվի, կանխատեսում է Ստյոպա Սաֆարյանը: Կառավարության դեպքում այլ պատճառաբանումներ կան: Կառավարությունն այդպես էլ չկարողացավ լուրջ ներդրումներ ներգրավել եւ ապահովել տնտեսական աճ: Այդպես էլ չլուծեծ այն խնդիրները, որոնք երկրի նախագահի կողմից դրվել էին այդ կառավարության վրա:  Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավարի կարծիքով փոփոխության պատճառներից մեկն էլ 2017-ի ընտրություններն են, որից առաջ անհրաժեշտ է նոր կառավարությունը, որը կփորձի Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի ազդեցությունն այստեղ մեղմել եւ թույլ չտալ, որ օրինակ՝ հարեւան Ադրբեջանի տնտեսության քաոսային վիճակը կրկնվի նաեւ Հայաստանում՝ հատկապես ընտրությունների նախաշեմին:

«Հետեւաբար լուրջ վերանայումներ քաղաքականության, իսկ դա նշանակում է նաեւ թիմի վերանայում, որովհետեւ, կներեք, օլիգարխների կառավարությունը երբեւէ չի բերելու խաղի կանոնների խոշոր փոփոխություն եւ իրավիճակի արմատական շրջադարձ տնտեսության ոլորտում: Եվ վերջապես, այս նագամ իշխանության ներսում «ռազբորկաները» հանրաքվեի հետ կապված բավականին տեսանելի էին եւ ենթադրություններ հստակ կարելի է անել: Հովիկ Աբրահամյանը միշտ գլխավորել է նախընտրական շտաբերը համապետական ընտրություններում եւ թերեւս այսքան թուլացած ընդդիմության պայմաններում, եթե հանրաքվեն շատ խոշոր բծեր է ստանում, թերեւս դա վերագրվելու է արդեն շտաբի պետին: Իհարկե, նոր թիմում նոր հույսեր ներշնչող ղեկավար պետք է լինի: Հետեւաբար, իհարկե, պետք է նոր մարդ, ով կլինի նաեւ իրավահաջորդ:

Այդ նոր մարդուն քաղաքական դաշտում վերլուծաբանը այս պահին դեռ չի տեսնում, մեկ տարի հետո ինչ կլինի՝ չի կարող ասել: Բայց ինչպիսին էլ որ լինեն հետագա զարգացումները Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը Հայաստանի կառավարությանը խորհուրդ է տալիս ուշադրությունը պահել Իրանի հետ կապված զարգացումների վրա եւ չլինել կողքից դիտողի կարգավիճակում:

«Այլեւս որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ տարածաշրջանը կանգնած է բավկանին լուրջ փոփոխությունների առջեւ: Այդ երկրին մենք չենք տեսել այնպիսին, ինչպիսին մենք կտեսնենք: Ստեղծված իրավիճակում չափազանց մեծ հարցական է մնում այն, թե արդյո՞ք Հայաստանի իշխանությունները կկարողանան օգտագործել այդ հնարավորությունը Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացնելու եւ Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության աստիճանը բարձրացնելու առումով»:

Հենց այստեղ էլ պետք չէ անտեսել մեկ փաստ. ուժեղացող Իրանը ինչ որ չափով մրցակից է դառնում Ռուսաստանի համար՝ թեկուզ եւ աշխարհին էներգակիրներ մատակարարելու առումով: Միաժամանակ Հայաստանը ԵՏՄ անդամ է, որի շրջանակներում կան որոշակի սահմանափակումներ տնտեսական համագործակցությունների առումով:

Back to top button