

Հայաստանի տարածքով Իրանից Վրաստան գազի մատակարարման առնչությամբ բանակցություններ ՀՀ իշխանությունների հետ չեն տարվել: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ նկատելով, որ «Հայաստանի հետ նման բանակցություններ չեն տարվել»:
Միաժամանակ նա նշել է, որ նախորդ դեկտեմբերին Երևանում կայացած Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի էներգետիկայի նախարարների քառակողմ բանակցությունների շրջանակում ևս այդ թեմայով քննարկումներ չեն եղել: Զախարյանը հիշեցրեց, որ Վրաստանի և ռուսական «Գազպրոմ»ի միջև ընթանում են գազի մատակարարման բանակցություններ, սակայն դրանց արդյունքների հետ կապված որևէ տեղեկատվություն այսօր չկա: Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն անդրադրաձել է նաև կառավարության կողմից սպառած էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդիավորման խնդրին ու պատասխանատու հայտարարել, որ սուբսիդավորումը շարունակվելու է:




