Միջազգային

Օբաման՝ միջազգային հարցերի եւ նոր խնդիրների մասին. ԱՄՆ նախագահի ամենամյա ելույթը Կոնգրեսում 

Ուղերձը, որի ժամանակ սովորաբար մատնանշվում է առաջիկա տարվա քաղաքական օրակարգը, վերջինն էր Սպիտակ տան ներկայիս ղեկավարի համար

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր վերջին ելույթն է ունեցել Կոնգրեսում:ԱՄՆ-ի նախագահը Կոնգրեսին ուղղված ուղերձում անդրադարձել է բազմաթիվ կարևոր հարցերի: Նա հայտարարել է, որ Ուկրաինան և Սիրիան հեռանում են ռուսական ազդեցությունից՝ չնայած այդ գործընթացը խափանելու Մոսկվայի փորձերին, գրում է BBC-ին:

«Չնայած իր տնտեսության կրճատմանը՝ Ռուսաստանը շարունակում է իր ռեսուրսները ծախսել Ուկրաինայի և Սիրիայի վրա՝ երկրներ, որոնք նրանց աչքի առաջ հեռանում են ռուսական ազդեցության ուղեծրից»,- ասել է Օբաման:

Ըստ ԱՄՆ նախագահի՝ ժամանակակից աշխարհում Ամերիկայի համար հիմնական վտանգը ոչ այնքան «չարի կայսրություններն» են, որքան անապահով պետությունները:

Որպես օրինակ նա բերել է Չինաստանին, որի տնտեսական խնդիրները բացասաբար են ազդում ամբողջ աշխարհի տնտեսության վրա, և իրավիճակը Մերձավոր Արևելքում, որտեղ, ըստ Օբամայի, սրվել են հազարամյա հակամարտությունները:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ երբ խոսքը ցանկացած միջազգային կարևոր հարցի մասին է, ամբողջ աշխարհի մարդիկ առաջնորդի որոնումներում նայում են ոչ թե Պեկինին կամ Մոսկվային, այլ Ամերիկային:

Միաժամանակ, իրավիճակն ԱՄՆ-ում Օբաման լավատեսորեն է գնահատել: Նրա խոսքով՝ վերջին տարիներին Ամերիկան դարձել է ավելի լավը և անվտանգ, նրա տնտեսություը զգալիորեն ամրապնդվել է:

Ըստ Օբամայի՝ դա ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս մնալ համաշխարհային հանրության առաջնորդ:  Միացյալ Նահանգները, երկրի ղեկավարի խոսքով, ունի ամենահզոր և կայուն տնտեսությունն աշխարհում։ Օբաման նշել է, որ երկրում ստեղծվել է 14 մլն նոր աշխատատեղ, ինչն աճի ռեկորդային ցուցանիշ է 1990-ական թվականներից ի վեր: Բացի այդ, նա հայտնել է, որ գործազրկության մակարդակը կրկնակի կրճատվել է։

Միևնույն ժամանակ, Օբաման նշել է, որ ժամանակակից աշխարհում մարդիկ անվստահության զգացում ունեն ապագայի հանդեպ, քանի որ առաջադեմ տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս մարդկային աշխատուժը փոխարինել ռոբոտներով։ Օբամայի խոսքով՝ նմանատիպ գործոնները ճնշում են գործադրում աշխատուժի վրա` նույնիսկ բարգավաճող տնտեսության ու աշխատատեղերի առկայության պայմաններում:

Օբաման իր ուղերձում Կոնգրեսի և ԱՄՆ ժողովրդի առաջ մի քանի մասշտաբային խնդիր է նշել, որոնցից մեկն էլ ԴԱԻՇ-ին հաղթելն է: Օբաման Կոնգրեսին կոչ է արել հավանություն տալ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար երկրի զինված ուժերի կիրառմանը։

«Եթե այս գումարման Կոնգրեսը լրջորեն մտադիր է հաղթել այդ պատերազմը և ցանկանում է ազդանշան ուղարկել ողջ աշխարհում մեր զորքերին, ապա դուք պետք է վերջապես թույլ տաք զինված ուժերի կիրառմանը ԴԱԻՇ խմբավորման դեմ»,- հայտարարել է Օբաման Կոնգրեսին հղված իր ուղերձում։

Back to top button