Արևմտյան Հայաստանի, Հայաստանի Հանրապետության, Ջավախքի և Արցախի տարածքում գտնվող հնագույն 100 եկեղեցիների դռներն ամփոփվեցին մեկ լուսանկարչական ցուցահանդեսում: «100 դուռ» նախագիծը նպատակ ունի գեղագիտության լեզվով ևս մեկ անգամ բարձրացնել հայ ժողովրդի` մեկ դար տևող պայքարի պահանջները և խոնարհում բերել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին: Նախագծի իրականացման ամբողջ ընթացքը տևել է 2.5 տարի: Ի դեպ, ցուցահանդեսը հնարվորություն կունենան դիտելու Արցախի, Գյումրի մեր հայրենակիցները:
Խնկի անուշաբույր հոտը տարածվել էր ամենուրեք, պատարագից հատվածներ էին հնչում, ու այնպիսի զգացողություն է քեզ պատում, որ կարծես գտնվում ես հարյուր եկեղեցիների կողքին: Նկարիչների Միությունը արդեն մեկ շաբաթ է յուրօրինակ վայրի է վերածվել՝ շնորհիվ «100 դուռ» լուսանկարչական նախագծի: Նախագծի շրջանակում Արևմտյան Հայաստանի, Հայաստանի Հանրապետության, Ջավախքի և Արցախի տարածքում գտնվող հնագույն 100 եկեղեցիների դռներն ամփոփվել են մեկ լուսանկարչական ցուցահանդեսում: Նախագծի հեղինակ ռեժիսոր, պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը «Ռադիոլուր»- ին պատմեց, որ ցուցահանդեսի գաղափարը ծնվել է 2012 թ, երբ այցելել էր Սուրբ Հռիփսիմե եկեղեցի:
Եկեղեցիների դռները տարբեր կերպ են գտել, շրջել են մարզերով, դիմել համացանցի, տեղի բնակիչների օգնությանը: Սակայն ամենահուզիչ պահերն ապրել են Արևմտյան Հայաստանում, երբ հուզմունքը գերազանցել է մասնագիտական պարտականություններին: Խաչիկը նշում է, որ եկեղեցի նկարահանելու փորձ արդեն ունեցել է, երբ Երուսաղեմում ուխտագնացություն ժամանակ նկարահանել է Տիրամոր գովքը տեսահոլովակը:
Լուսանկարել են ավելի շատ եկեղեցիների դռներ: Դժվարությամբ են ընտրվել բոլոր դռները, քանի որ շատ հետաքրքիր են թե՛ դռները, թե՛ զարդանախշերը: Խաչիկ Եղոյանը ափսոսում է միայն մի բանի համար, որ այդ եկեղեցիների շարքում չի ներառել Նախիջևանում գտնվող եկեղեցիները, քանի որ հնարավոր չի եղել այնտեղ նկարհանումներ իրականցնել: Ի դեպ, այն դռները, որոնք ցուցահանդեսում տեղ չէին գտել կամբողջանա արդեն մեկ ընդհանուր գրքով, որտեղ կլինի նաև այդ եկեղեցիների պատմությունը:
«100 դուռ» նախագիծը մեծամասամբ իրականացվում է Խաչիկ Եղոյանի ֆինանսական միջոցներով: Այնուհետև որոշակի աջակցություն է ցուցաբերել Երևանի քաղաքապետարանը, և լուսանկարների տպագրության ծախսերը հոգացել է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը. Մշակույթի նախարարությանը հայտնում է հատուկ շնորհակալություն չաջակցելու համար:
Բազմիցս խոսվել այն մասին, որ հայկան շատ եկեղեցիներ այսօր գտնվում են վատթար վիճակում և անհապաղ վերանորգման անհրաժեշտություն ունեն: Եղել են դեպքեր, երբ գյուղացիները նկարահանոող խմբին պարզապես խնդրել են նկարել ու ողջ աշխարհին ցույց տալ, թե ինչ ավերակ վիճակում են գտնվում պատմական վանքերը:
«Եղան մարդիկ, ովքեր այցելեցին ցուցահանդես և ասացին, որ մինչ այս ուզում էին եկեղեցի կառուցել, բայց հիմա մտածում են վերանորոգելու մասին»: