

Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանն ընդհանուր առմամբ որևէ առանձնահատկություն չուներ: Սեպտեմբերից դեկտեմբեր խորհրդարանը 5 հերթական քառօրյա և գրեթե նույնքան արտահերթ նիստ ու նստաշրջան գումարեց, հարյուրից ավելի օրենսդրական փոփոխություն կատարեց տարբեր օրենքներում, մոտ 1 տասնյակ նոր օրենքներ ընդունեց: Ինչպես են գնահատում նստաշրջանը պատգամավորները, որ քննարկումներն են համարում ամենակարևորը և ընդհանրապես ինչ են առանձնացնում նստաշրջանից:
8-րդ նստաշրջանն անցնելով՝ այս գումարման խորհրդարանն ավելի ու ավելի է մոտենում եզրագծին: Եթե այլ ձևակերպումով ՝ ապա օրենսդիր մարմնի այս կազմն ավելի շատ աշխատել է , քան՝ դեռ ունի աշխատելու: Առջևում ընդամենը երեք նստաշրջան է, հետևում ՝ արդեն 8-ը: Վերջին՝ ութերորդ նստաշրջանը պատգամավորների համար առանձնապես յուրահատուկ չէր:
«Որևէ բանով չտարբերվեց նախորդներից, ամեն ինչ նույն տրամաբանության մեջ էր, ինչ նախորդներում: Միակ ինտրիգը թերևս սահմանադրական փոփոխություններին էին», ասում է Ալեքսանդր Արզումանյանկ։
Ինչպես նա, այնպել էլ մյուս զրուցակիցներս որպես նստաշրջանի թիվ մեկ քննարկում նշում էին սահմանադրական փոփոխությունները: Նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու որոշումը, հիշեցնեմ, ընդունվեց հոկտեմբերի 5-ին ձայների 104 կողմ, 10 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ: Այն Ազգային ժողովում քննարկվեց մեկ ամբողջ քառօրյա՝ դառնալով նստաշրջանի ամենաքննարկված հարցը։ Նախագծի վերաբերյալ տրվեց մոտ 40 հարց, հնչեց շուրջ 50 ելույթ:
Արդյո՞ք սա նշանակում է, որ խորհդարանը կարողացավ ապահովել քաղաքական այն դիսկուրսը, որն անհրաժեշտ էր երկրի համար բացառիկ կարևորություն ունեցող, կառավարման նոր՝ Հայաստանում դեռևս չփորձարկված համակարգ ու ծավալուն փոփոխություններ նախատեսող փաստաթղթի քննարկման համար:
«Քննարկումների որակը հարիր էր մեր խորհրդարանի որակին: Հարցեր են տրվել, պատասխաններ են ստացվել, բավարար չափով թե ոչ ՝ չեմ կարող ասել: Մենք պետք է հաշվի առնենք ընդհանուր մթնոլորտը: Խորհրդարանում բանավեճը ոչ թե տեքստի վերաբերյալ էր, այլ հարցի ՝ կո՞ղմ ես այս իշխանություններին, թե՞ ոչ»:
Ալեքսանդր Արզումանյանը, հիշեցնեմ, կողմ է քվեարկել Սահմանադրության փոփոխությունների նախագծին: Փաստաթուղթը վայելում էր նաև Հայ հեղափոխական դաշնակցության միանշանակ աջակցությունը: Խմբակցության անդամներից Արծվիկ Մինասյանը, սակայն, նույնպես կիսում է այն կարծիքը, որ սահամանդրական փոփոխությունների նախագծի շուրջ խորհրդարանում բովանդակային բանավեճ ապահովել չհաջողվեց: Քաղաքական դեբատը չկայացավ, ասում է Արծվիկ Մինասյանը:
«Չկայացավ և չի կայանալու այնքան ժամանակ, քանի դեռ մենք գործում ենք իրավական կարգավորման այնպիսի համակարգում, երբ իշխանությունն ունի ամեն ինչ, իսկ ընդդիմությունը՝ համարյա ոչինչ: Ազդեցության լծակները շատ սուղ ու փոքր են»,- ասում է։
Եվ որպես սահմանադրական նոր կարգավորումների իրական պաշտպան ու ջատագով ՝ Դաշնակցություն ներկայացուցիչը կրկնում է, որ հենց դեկտեմբերի 6-ին ընդունված փոփոխությունները պետք է ապահովեն համակարգի փոփոխությունը:
Կա, սակայն, մեկ այլ հանգամանք ևս՝ այս գումարման խորհրդարանը նստաշրջան առ նստաշրջան ավելի փորձառու է դառնում. նախորդը, համենայն դեպս, այս կազմի արդեն ութերորդ աշխատքանքայի քառորդն էր. Ի՞նչ է փոխում փորձը քննարկումների որակում կամ արդյո՞ք այդ քննարկումները գնալով ավելի որակով են դառնում:
«Որակի առումով որևէ տեղաշարժ չկա, ունենք այն , ինչ ունենք »,- ՕԵԿ-ից Մհեր Շահգելդյանը նույնպես նստաշրջանի հիմնական քննարկումը համարում է սահամադրականը, դրան գումարում է նաև բյուջեն: Թեև այս երկու քննարկումներին ՕԵԿ-ը մասնակցել է, այսպես ասենք, ողջ ներուժով՝ հարց տվել ու ելույթ ունեցել է խմբակցության ամբողջ կազմը, բայց քննարկումների որակից, պարզվում է, այնքան էլ գոհ չեն:
Քաղաքական դեբատն ամբողջությամբ չկայացավ, ասում է Շահգելդյանը: «Չեմ ասի ամբողջությամբ, բայց մենք խոսեցինք, ներկայացրինք մեր տեսակետները: Դիսկուրսը չի ստացվում, որովհետև բազմաթիվ դեպքերում պատասխանները տրվում են ընդհանրական, անհասցե, երբեմն էլ ընդհանրապես չեն տրվում»:
Մեր զրուցակիցները նստաշրջանի գլխավոր քննարկումներին անդրադառնալով՝ չխոսեցին այն բազմաթիվ օրենքերի մասին, որոնք ուղղակիորեն ազդելու են մարդկանց կյանքի կամ գործունեության այս կամ այն ոլորտի վրա: Խորհրդարանն այս նստաշրջանի ընթացքում հարկային բազմաթիվ փոփոխություններ է ընդունել, վարկային մոտ մեկ տասնյակ համաձայնագրեր վավերացրել, որոնց ընդհանուր գումարը հատում է 1 մլրդ դոլարի սահմանը:




