Տնտեսական

Ս. Կարապետյան. Գյուղատնտեսության աճը պայմանավորված է եղանակով եւ գյուղացու աշխատանքով

lianaeghiazaryan

Անցնող տարին այսօր ամփոփել է գյուղատնտեսության նախարարը: Սերգո Կարապետյանի ղեկավարած գերատեսչությունն ամենաբարձր աճի ցուցանիշն է ապահովել` 11,6 տոկոս: Բայց այս դեպքում հաջողությամբ առաջին հերթին եղանակային պայմաններին ու գյուղացու աշխատանքին ենք պարտական, նկատել է նախարարը: Անգամ խիստ բարենպաստ տարում էլ հայ գյուղացիները ամենատարբեր խնդիրներից զերծ չեն մնացել: Այդ խնդիրների մասին այսօր չի զլացել խոսել Սերգո Կարապետյանը:

 

Գյուղատնտեսական տարին ավարտում ենք 11,6 տոկոս աճով, աճով` գյուղոլորտի բոլոր ճյուղերում: Այսօր տնտեսության մյուս բոլոր ճյուղերի ապահովածից բարձր աճի մասին տարեվերջյան ասուլիսին հայտարարեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, բայց միաժամանակ նաեւ շտապեց տեղեկացնել` աճի համար մեծապես պարտական ենք գյուղատնտեսական բարենպաստ տարուն ու գյուղացիների աշխատանքին, որը, ցավոք, երբեմն ցածր արդյունք է տալիս:

Անգամ եթե տարին շատ լավ է, գյուղացին, միեւնույն է, խնդիր ունի, այս տարի` մթերման:  «Խաղողի մթերման հարցում եղան դժվարություններ, լարվածություն եղավ: Կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, ճիշտ է, դժվարությամբ, գների իջեցումով, բայց ողջ բերքը մթերվեց»,- նկատեց նախարարը։

Գյուղատնտեսության նախարարն իր որոշ գործընկերների նման չհայտարարեց, թե իրենք բացթողում չեն ունեցել ու չբարկացավ թեմայից, ինչպես ոմանք, ավելին, անձամբ սկսեց խոսել թերացումների մասին` մթերումներից սկսած:

Գյուղատնտեսական արտադրողականությունը հանրապետությունում շարունակում է բավականին ցածր մնալ: Լուծումը նորարարական քայլերն են, մասնավորապես՝ կաթիլային ոռոգման համակարգի տարածումը: Կարկտահարությունը հայ գյուղացու մշտական պատուհասն է: Հակակարկտային պաշտպանական ցանցի ներդրման մասին արդեն խոսվում է շատ ավելի ակտիվորեն, քան՝ հակակարկտային կայանների մասին, որոնցից խոսվում էր վերջին տարիներին շարունակ, մշտապես գումարներ էին հատկացվում, բայց այսօր նախարարն այլեւս չխոսեց:

Իսկ ջերմոցային տնտեսությունների զարգացմամբ ու ավելացմամբ պետք է  հանրապետությունում ներկրվող բանջարեղենը փոխարինվի տեղականով: «Մենք կարողացանք լուծել բանջարեղենի սեզոնայնության հարցը: Այս տարի շուկայում շարունակ վաճառվել է տեղական արտադրության լոլիկ եւ վարունգ: Նախորդ տարիներին ներկրման ցուցանիշերը տասնապատիկ ավելին էին»:

Մինչ օրս անիրական թվացող գյուղատնտեսական ապահովագրության ներդրման ուղղությամբ առաջին քայլերն են արվում: KfW-ի օժանդակությամբ առաջին փորձնական ծրագիր կիրականացվի: Գյուղացիների կյանքը թեթեւացնող քայլերից մեկը` կոոպերատիվների ստեղծումը, դեռ ջանքեր ու գյուղացիների վստահությունն է պահանջում։ 142 համայնքում արդեն ստեղծվել են կոոպերատիվներ: Գյուղոլորտի զարգացումը նախարարը կապում է հենց դրանց զարգացման հետ:

Նույն գյուղացիները դեռ չեն վստահում մթերողներին, անգամ եթե նրանց հետ բերքի մթերման պայմանագիր ունեն: Որքան էլ գյուղնախարարն ամեն տարի հորդորում է բերքի իրացման հարցը նախապես լուծել` մթերող կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքելով, միեւնույն է` քիչ չեն դեպքերը, երբ կամ գյուղացին է վերջին պահին հրաժարվում պայմանագրից` բերքն ավելի բարձր գնով հանձնելու հույս ունենալով, կամ մթերողը` տարբեր պատճառաբանություններով:

Նախարարին մտահոգում է, որ գյուղացիներն այսօր ունեն հող, բայց ծախսերն ու խնդիրներն այնքան շատ են, որ տարիներ շարունակ այդ հողերը չեն օգտագործվում: Այս տարի պատկերը փոքր-ինչ փոխվել է: 18 հազար 500 հա մշակել ենք միայն այս տարի, ասաց Սերգո Կարապետյանը, սա աճ է, բայց մշակվող հողի ծավալը դեռ ընդհանուրի 78 տոկոսն է:

Հացահատիկային մշակաբույսերի ավելացումը նույնպես նախարարը տարվա ձեռքբերումներից է համարում։ Արտահանումն աճել է 60-ից ավելի տոկոսով, հպարտացավ Սերգո Կարապետյանը: Արտահանման հիմնական շուկան ԵՏՄ-ն է, այստեղ էլ 84 տոկոսը Ռուսաստանին է բաժին ընկնում:

Գյուղացիական տնտեսություններին գյուղտեխնիկան պարկի հարստացման ուղղությամբ լիզինգային ծրագրերը կշարունակվեն, նախարարությունն ինքն էլ պատրաստվում է ձեռք բերել, բայց տեխնիկայի հիմնական մատակարարներից Բելառուսն անցյալ տարի կրկնակի բարձրացրել է գները: Դեռ նոր բանակցություններ պետք է տարվեն:

Ինչ վերաբերում է ձկնաբույծների դժգոհություններին, որոնցով տարվա ընթացքում պարբերաբար նրանք կիսվեցին լրատվամիջոցների հետ, ապա այդ դեպքում գյուղնախարարն առանձնապես համամիտ չէ: Արտահանումը պակասել է ռուբլու փոխարժեքի անկման հետեւանքով, ասաց նախարարը, իսկ ոլորտում խստացումները մի բան էլ դեռ ուշացած էին, խոստովանեց Սերգո Կարապետյանը: «Տարիներ շարունակ մենք շռայլել ենք ջրերի պաշարները: Հիմա անցնում ենք փակ եւ կիսափակ արտադրության ցիկլի, ավելի քիչ ջրով` ավելի շատ ձուկ արտադրենք»,- ասաց։

Կարդացեք նաև

Back to top button