

Այսօր քաղաքական գործիչ, դաշնակցական Վահան Հովհաննիսյանի մահվան օրն է: Երևանի քաղաքային պանթեոնում, որտեղ ամփոփված է մեծանուն գործչի աճյունը, ընկերները, հարազատները և մտերիմները հարգանքի տուրք են մատուցել նրա հիշատակին:
Վահան Հովհաննիսյանին ճանաչող մարդիկ նրան նկարագրելիս միաբերան ասում են, որ նա օժտված էր բարձր մարդկային հատկանիշներով, հումորով, սուր ու ճկուն մտքով: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խոսքով` Վահանը սովորեցրեց, որ մահը սարսափելի չէ, սարսափելին անիմաստ ապրելն է:
Ամենաբարդ իրավիճակներում չէր կորցնում հումորի զգացումը: Իրեն հատուկ հումորով բերանի մի անկյունով ժպտալով ասում էր լավ կլինի: Որդին` Հայկը4 այս մեկ տարվա գրեթե ամեն օր պատկերացրել է4 թե նման դժվարին պահերին հայրն ինչպես կարձագանքեր:
Նրա քննադատությունից չէր նեղանում ոչ ոք, նրա խոսքն ու քայլերը հաստատուն էին, նրա կարծիքն ու տեսակետերը շատերի կողմից էին ընդունելի: Նրան ճանաչողներն ասում էին, որ վերջին ամիսներին Հովհաննիսյանի կատակները հիմնականում մահվան մասին էին:
Վերջին տարիներին Վահան Հովհաննիսյանը նաև ստեղծագործում էր ու արդեն հանդես գալիս որպես գրող: Նրա գրադարանի մասին լեգենդներ էին պատմում: Ինքը՝ Հովհանիսյանը, ասում էր, որ գրադարան ունենալը ու գրքերի նկատմամբ մեծ սերը փոխանցվել է ժառանգաբար:
Նրա «Մանդիլիոն» վեպը, որը ընթերցողի սեղանին դրեց հրաժեշտից առաջ, կարծես դարձավ յուրահատուկ բանալի: Այն ուղերձ էր հայ ժողովրդին՝ գնահատելու իր կարևորագույն դերակատարումը համաշխարային արժեքների ստեղծման մեջ:
Երբ խորհրդարանի միջանցքներում հայտնվում էր պատգամավոր Վահան Հովհաննիսյանը կոստյումի թևքերը վեր քաշած,ակնոցների տակից ժպտալով ձեռքն էլ գրպանում դրած լրագրողները միանգամից շրջապատում էին քաղաքական գործչին ու սկսվում էր հարցերի տարափը։ Իսկ երբ հարցը նրա դուր էր գալիս, գլուխը մի փոքր վեր էր բարձրացնում և իրեն հատուկ ժպիտով ու տոնայնությամբ ասում էր. «Ա~յ, ինչ լավ հարց եք տալիս»:




