Հասարակություն

Եկող տարի աշխատավարձ ու նպաստ չի աճելու, իսկ գների աճը ոչ ոք չի կարող զսպել. Արմեն Պողոսյան

lianaeghiazaryan
Նախատոնական գնումների շրջանում պետք է զգոն եւ զգույշ լինել, այսօր հայտարարել է Սպառողների միության նախագահը: Արմեն Պողոսյանը նկատել է, որ այս տարի ամանորյա թանկացումները բավականին մեղմ են մյուս տարիների համեմատ: Բայց բանախոսը միաժամանակ նաեւ շեշտել է` բյուջեում արդեն նախատեսված է, որ աշխատավարձերն  ու թոշակները չեն ավելանալու, իսկ տարվա ընթացքում հետագա հնարավոր գնաճը զսպել ոչ ոք չի կարող: Բանախոսը հորդորել է Ամանորը դիտարկել ոչ թե նյութական առումով` այն վերածելով հոգսի, այլ բարոյական առումով՝ որպես հրաշք տոն: «Իսկ ընդհանրապես սպառողների իրավունքների պաշտպանության տեսակետից տարին ողբերգական էր», գնահատական է տվել Սպառողների միության նախագահը
:

 

Հայաստանում սննդի որակը լավացել է վերջին տարիներին,ութ կամ տասը տարվա համեմատ սննդի ու սպասարկման որակը բարելավվել է, բայց սպառողն ամեն պահի պետք է ուշադիր լինի, հատկապես Ամանորի շեմին, երբ անհասկանալի գնաճն ու մթերքի որակական խնդիրներն անխուսափելի են դառնում: Իր այս դիտարկմամբ այսօր լրագրողների հետ կիսվեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Բանախոսը նախատոնական օրերին առավել մեղմ գնաճ է նկատում, օրինակ, ընդեղենի դեպքում էական գնաճ չկա: Բայց եթե  2 տարվա կտրվածքով դիտարկենք, ապա ապրանքները թանկացել են 18%-ով, սնունդը թանկացել է 21%-ով, բուժսպասարկումը՝ 28%: Իսկ եկող տարի աշխատավարձերը, թոշակները, նպաստները չեն աճելու, իսկ գների հետագա հնարավոր բարձրացումը ոչ ոք չի կարող զսպել: Պողոսյանի դիտարկումները փաստում են` ամեն տարի նույն ժամանակահատվածում սպառողը կանգնում է փաստի առաջ, սակայն նրա ոտնահարված իրավունքները պատկան մարմինների կողմից լիովին չեն պաշտպանվում, իսկ հասարակական կազմակերպությունները միայն կարողանում են բարձրաձայնել խնդիրը, այլ լծակներ չունեն: «Խաբեությունը ոչ միայն գների մասով է, այլեւ զեղչերի»,-ասում է Պողոսյանն ու շեշտում` խոշոր խախտումները հիմնականում խոշոր տնտեսվարողներն են թույլ տալիս, մասնավորապես առեւտրի ցանցերը` սուպերմարկետները: «Այստեղ ՏՄՊՊՀ-ն անելիք ունի»:

Արմեն Պողոսյանը նոր շեշտադրումով է խոսում մեկ այլ հին խնդրի մասին` հացի քաշ եւ որակ: Այս հարցով Պողոսյանը ՀՀ նախագահին էլ է դիմել. նախագահականից հարցը մակագրվել է սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, որն էլ պատասխանել է, թե հարցն իրենց վերահսկողության տակ չէ: «Սխալ տեղ են ուղարկել»,- ասում է Պողոսյանը:
Իսկ ընդհանրապես սպառողների իրավունքների պաշտպանության տեսակետից տարին ողբերգական էր, գնահատական տվեց Սպառողների միության նախագահը: Արմեն Պողոսյանը հիշում է` բազմաթիվ թունավորումներ գրանցվեցին, մասնավորապես, մանկապարտեզների երեխաների շրջանում: Տարին ավարտվում է, բայց մինչ օրս երեխաների թունավորման դեպքերը բացահայտված չեն: Ինքն իր հերթին բազմաթիվ գրություններ է ուղարկել պատկան մարմիններին, բայց հստակ պատասխան ոչ ոքից չի ստացել: Սպառողների շահերի պաշտպանի նամակները հայտվել են նաև վարչապետի և Գլխավոր դատախազի սեղանին: «Նրանց պատասխաններն ինձ մոտ են, բայց հստակություն չկա»,- ասաց: Եւ սա այն դեպքում, երբ երեխային տրվող սնունդը պետք է ամենաանարատը լինի: Մանկապարտեզներում թունավորումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ եղած դեպքերը չեն բացահայտվել և պատժվել:

Պողոսյանը նաեւ մեր երկրի բնակիչների կենսական ցածր մակարդակի մասին է խոսում: Դա է վկայում այն, որ նրանց մեծ մասի օգտագործած սննդի քսան տոկոսը կազմում են հացն ու մակարոնը: Նման հարաբերակցություն եղել է երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Եթե ընտանիքի վաստակած միջոցների քսանհինգ տոկոսից ավելին ծախսվում է սննդի վրա, դա խոսում է աղքատության մասին: Սա միջազգային ստանդարտ է: Իսկ ահա մեր երկրում այդ ցուցանիշը հասնում է վաթսուն տոկոսի, ասում է սպառողների շահերի պաշտպանը:

Back to top button