Պաշտպանության նախարարը Մոսկվայում է, այնտեղ է մեկնում նաեւ Ադրբեջանի պատվիրակությունը
Մոսկվայում այսօր ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ քննարկվելու են կապի համակարգի եւ հակաօդային պաշտպանության համակարգերի միասնական զարգացման հետ կապված հարցեր, լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունում։
ՏԱՍՍ- ը հայտնում է, որ հանդիպմանը կմասնակցեն Ադբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ռազմական գերատեսչությունների ղեկավարները։
«Նիստի արդյունքում կընդունվեն հակաօդային պաշտպանության միասնական եւ կապի համակարգերի զարգացման, մարդասիրական ականապատման բնագավառում փոխգործակցության ընդլայնման, զինվորական կադրերի կրթական, օպերատիվ եւ ռազմական պատրատսվածության համատեղ միջոցառումների անցկացման, ինչպես նաեւ ԱՊՀ ձեւաչափով ռազմա- մարզական միջոցառումների անցկացման հետ կապված հարցեր»,- հայտնել են Ռուսաստանի ՊՆ- ում։
Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության՝ «նիստի ավարտից հետո նախատեսվում են Սեյրան Օհանյանի երկկողմ հանդիպումներ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարների, ինչպես նաև Ղրղզստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ»։