Տնտեսական

2016- ից ակնկալիքը մեծ չէ, բայցեւ բացասական սպասումներից էլ պետք է զերծ մնալ

lusinevasilyan

2015 թվականը տնտեսական առումով ծանր տարի էր  և այն հիմք չի ստեղծել, որ 2016-ից մեծ ակնկալիքներ ունենանք,  այսօր արձանագրել են տնտեսության ոլորտի մասնագետները: Տնտեսական միտումների վրա հենվելով՝ նրանք դժվարանում են հաջորդ տարվա համար մեծ հաջողություններ ակնկալել, բայց նաև հորդորում են՝  բացասական սպասումներով չառաջնորդվել, քանի որ դրանք կործանարար են տնտեսության համար: Իրավիաճակը բարդ է, բայց ելքեր կան, եզրահանգել են ոլորտի մասնագետները:

 

2015-ի տնտեսական ցուցանիշերն ամենևին հուսադորղ չեն. տարվա առաջին ինն ամիսների  տվյալներով՝  տնտեսական աճը 2.9 % է, ամենամտահոգիչը ընդհանուր առևտրաշրջանառության անկումն է՝ մոտ 5 %-ով կրճատվել են արտահանման, 26%-ով՝ ներմուծման ծավալները: Շուրջ  500 մլն դոլարով էլ պակասել  են տրանսֆերտները:  Հաջորդ տարվա համար 2.2 տոկոս տնտեսական աճ է պլանավորվել: Սա է այն թվային պատկերը, որոնց վրա պետք է կառուցվեն տնտեսագիտական գնահատումներն ու կանխատեսումները:

50/50. այսպես է բաժանում տնտեսական խնդիրների պատճառները ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:  Նրա կարծիքով՝  ստեղծված ոչ բարվոք իրավիճակը  50 տոկոսով պայմանավորած են  արտաքին անբարենպաստ գործոններով, 50 տոկոսն էլ ներքին կառավարման համակարգն  և տնտեսության դիմադրողականության ցածր մակարդակն է։ «Ես կարծում եմ, որ սա 1-2 տարվա արդյունք չէ: 2008-2009-ից հետո կուտակված խնդիրների հետևանք է:  Հաջորդ տարվա համար ընդամենը 2.2 տոկոս տնտեսական աճ երբևէ չի պլանավորվել»,- ասում է

Մելքումյանը կարծում է, որ տնտեսությունը ոտքի հանելուն միտված ջանքերն արդյունք չեն տալիս , քանի որ քաղաքական որոշումներով ամրագրված չեն:

Վահագն Խաչատրյանն ավելի հստակ է ձևակերպում խնդիրը՝ իրավիճակը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական քայլեր է պահանջում:   Տնտեսության գործող մոդելը, ըստ տնտեսագետի,  այլևս սպառված է: «Ներկրումների վրա հիմված մոդելը, որտեղ կան մենաշնորհներ, որոնք ոչ մի արդյունք, աշխատատեղ չեն ստեղծում, իրենց գործունեությունը վերաբերում է միայն իրենց ապրանքը սպառելուն. այս համակարգը չի կարող գործել: Այսինքն՝ երբ խոսում ենք դիվերսիֆիկացման, արտահանումը խթանելու մասին, կյոնկրետ քայլեր են պետք, որոնք անելու համար միայն քաղաքական կամք է անհրաժեշտ: Եթե այդ կամքը լիներ, հավատացեք, տնտեսությունը զարգանալու իր ճանապարհները կգտներ: Պետք է պարզապես խոստովանել՝ տնտեսական այս մոդելը չի աշխատում, անցնում ենք այլ քաղաքականության»:

Ոչ միայն այլ քաղաքականության, այլև հավակնոտ քաղաքականության ՝ սա արդեն «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանի ճշգրտումն  է: Ոչ 2,9, ոչ 5 տոկոսանոց տնտեսական  աճերը Հայաստանի  համար փրկություն չեն, անհրաժեշտ են ամբիցիոզ, նախահարձակ երկնիշ թվեր, ասում է տնտեսագետը և հավելում, որ հիմնավորումներ դրա համար կան: «Եվ մարդկային ռեսուրսներն են  առայժմ  բավարար,  և մյուս ռեսուրսները: Շատ դեպքերում երկնիշ այդ աճն ապահովելու համար ոչ այնքան փող, որքան կազմակերպական կարողություններ են անհրաժեշտ»:

Իսկ փողից ավելի շատ, Մանասերյանի կարծիքով,  Հայաստանի տնտեսությանը վստահություն է անհարժեշտ: Նեգատիվի բեռը, ըստ նրա,  ծանր ու արդեն կազմալուծող  է դառնում բոլոր ոլորտներում՝ իշխանությունից ու ընդդիմությունից մինչև տնտեսություն:  Բոլոր բարդ իրավիճակներում, սակայն,  տնտեսագետի գնահատմամբ, ելքեր կան: Կարևորը, սակայն այս փուլում,  ոչ թե քայլեր թվարկելն է, այլ տնտեսական նոր օրակարգի ձևավորումն ու հիմնավորումը, սա քննարկման  մասնակիցներից Վահագն Խաչատրյանը նշեց, բայց տեսակետը կարծես թե բոլորինն էր:

Կարդացեք նաև

Back to top button