

Զբաղվածության պետական գործակալությունում այս տարի ակտիվություն են նկատել «Գյուղացիական տնտեսությունների աջակցության տրամադրման ծրագրի» իրականացման ընթացքում: Աշխատանքի և սոցիալական հացերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանն այսօր, ամփոփելով ծրագրի արդյունքները, նկատել է` սա որոշակիորեն տալիս է սպասված արդյունքը, որ Հայաստանում գյուղացին ավելի շահագրգռված լինի մշակել սեփական հողը, ինչը չի անում բարձր ծախսերի ու աշխատանքի անարդյունավետության պատճառով:
«Գյուղացիական տնտեսությունների աջակցության տրամադրման ծրագիր»-ը կշարունակվի նաեւ 2016-ին։ 2013 թվականից այն նախ փորձնական էր` Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած համայքներին աջակցելու նպատակով: 2014-ից այն դարձավ ամենամյա պետական ծրագիր:Կարելի է ասել, որ պետությունը վճարում է գյուղացուն միայն այն բանի համար, որ վերջինս մշակի սեփական հողը: Գաղափարի հիմքում մտահոգիչ վիճակագրությունն է` Հայաստանում տարեցտարի կրճատվում են մշակվող վարելահողերը: Աշխատանքի և սոցիալական հացերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանն այս առումով շեշտում է` իրենք անգամ տրամադրվող ֆինանսների իրացման լուրջ վերահսկողություն չեն նախատեսել: «Գյուղացին ինչի համար ուզում է, կարող է ծախսել, միայն հողի արդյունավետությունը բարձրացնի»,- ասում է։
«Գյուղացիական տնտեսությունների աջակցության տրամադրման ծրագրի» շրջանակում հողօգտագործողն ամեն աշխատանքային օրվա համար ստանում է կոնկրետ գումար: Կարող են ընդգրկվել նաև տվյալ ընտանիքի մյուս անդամները: Ծրագրով նախատեսված է վճարել նույնիսկ հողօգտագործողի վարձու աշխատողներին: Սահմանված գումարների չափը հետևյալն է` մեկ օրվա աշխատանքի դիմաց հողօգտագործողին և ծրագրում ընդգրկված հողօգտագործողի ընտանիքի անդամին վճարվում է 4 հազարական դրամ: Եւս 3 հազար դրամ վճարվում է ծրագրում ընդգրկված վարձու աշխատողին` ներառյալ հարկերը:
Դրանից բացի` գյուղտեխնիկայի 1 ժամվա աշխատանքի համար նախատեսվում է 5 հազար դրամ: Ծրագրի տեւողությունը երկարեցվել է մինչեւ 6 ամիս, իսկ դրա ընդհանուր արժեքը մեկ հողօգտագործողի համար չի կարող գերազանցել 350 հազար դրամը:
Այս տարվա ընթացքում ծրագրով աջակցություն է տրամադրվել Հայաստանի բոլոր մարզերի 472 համայնքի գյուղացիների: Կնքված պայմանագրերի թվով առաջին տեղում Շիրակի մարզն է, հաջորդում են Կոտայքը եւ Արագածոտնը: Համեմատաբար փոքր թվով պայմանագրեր են կնքվել Վայոց ձորում: Մշակաբույսերը տարբեր են` ելակ, մորի, վարունգ, լոլիկ, կաղամբ, ցորեն, կարտոֆիլ և այլն:
Արտակ Մանգասարյանը նկատում է` ծրագրի արդյունքում որոշ համայնքներում շատ գյուղացիներ այգիներ են հիմնում: «Զբաղվածության պետական գործակալությունը պայմանագիր է կնքել 4 հազար 793 հողօգտագործողների հետ: Արդյունքում ծրագրում ընգրկվել է 6 հազար 285 շահառու»։
Բայց ծրագրի ամբողջ ծավալը չի օգտագործվել: Նախատեսված է 1 մլրդ 125 մլն դրամ, որից գյուղացիներին տրամադրվել է շուրջ 900 մլն-ը: Պետք է նշել, որ ծրագրում ընդգրկվելու մի շարք սահմանափակումներ կան: Սա նախատեսված է սոցիալապաես անապահով, աշխատաշուկայում անմրցունակ, բարձրլեռնային վայրերի բնակիչների համար: Ենթադրվում է, որ հենց այս նախապայմանները լրջորեն կպահպանվեն, ու համայնքային մասշտաբի պաշտոնյաները՝ ասենք գյուղապետերը, այս հնարավորությունը միանգամից չեն սպառի իրենք իրենց վրա:




