Հասարակություն

Երեւանը կորցնում է իր կերպարը

lenabadeyan
Ճարտարապետությունն այն ոլորտներից է, որն ուղիղ կապ ունի տնտեսական աճի հետ: Ըստ այդ ցուցիչի՝ մեկ տարի առաջ ավելի շատ շինարարություն էր իրականացվում, քան եղել է 2015-ին: Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ու ճարտարապետ Սաշուր Քալաշյանն այսօր ընդգծել են՝ ճարտարապետության ոլորտում կա որոշակի ճգնաժամ, որն ունի մի քանի պատճառ: Դրանցից մեկն էլ ներդրողներն են, ում խոսքը՝ թեկուզ եւ ոչ մասնագիտական, որոշիչ է դառնում շինարարությունների ժամանակ:

 

 

«Ով վճարում է՝ նա էլ պատվիրում է երաժշտությունը». հայտնի այս ասացվածքի սկզբունքով այսօր առաջնորդվում են նաեւ ճարտարապետության ոլորտում եւ ստացվում է այնպես, որ տարբեր ճաշակներով շինություններ հայտնվում են կողք կողքի՝ խաթարելով քաղաքի ամբողջականությունը: Դա է պատճառը, որ Երեւանը կորցնում է իր կերպարը:

«Ամբողջ աշխարհում է այդպես, բայց այնտեղ կյանոնակարգված է: Վերջին հաշվով ներդրողը կարող է իր ցանկություններն ասել եւ դնել այդ գումարը: Բայց կա նաեւ երկիր, կա քաղաք, այդ շահերը պետք է հաշվի առնվեն: Հակառակ դեպքում մենք կունենանք մի կառույց, որը դեմ կլինի այդ քաղաքի ամբողջ շահերին, որին մենք ականատես ենք լինում երբեմն»:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էր: Միությունը մշակել է «Ճարտարապետական մասնագիտական գործունեության մասին» օրենքի նախագիծ, որն ունի կանոնակարգելու նպատակ։ Պետք է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ թելադրողը լինեն ոչ թե ինչ-որ մեկի պատկերացումները, այլ ընդհանուր օրենսդրական դաշտը, պետք է ստեղծել որոշակի սահմանափակումների ցանկ, որոնց կենթարկվեն բոլորը, կարծում են ճարտարապետները: Բայց 8-րդ տարին է, ինչ չի հաջողվում նախագծին տալ օրենքի ուժ, նշում է վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:

«Շատ դժվար ճանապարհ է անցնում: Իմ կարծիքով բոլորին չէ, որ դա ձեռնտու է, որովհետեւ երբեմն քաոսային վիճակը ավելի է ձեռնտու հատկապես բիզնեսով զբաղված մարդկանց, քան թե կանոնակարգված վիճակը»:

Եվ հենց այդ բիզնեսն է, որ առիթ է տալիս ճարտարապետներին պարբերաբար ահազանգեր հնչեցնել այս կամ այն վտանգի մասին: Այսօրվա դրությամբ ամենամեծ վտանգը սպառնում է Մարզահամերգային համալիրին, որը մեծ հավանականություն ունի վերափոխվելու՝ այլ նպատակների ծառայելու համար, ասում է Սաշուր Քալաշյանը:

«Խախտվել է քաղաքաշինական օրենսդրությունը: Քաղաքի գլխավոր հատակագծում տարածքների վերաբերյալ կան որոշակի ռեժիմներ: Ծիծեռնակաբերդը՝ ըստ վերջին հաստատված հատակագծի, համաքաղաքային այգի է, որը կառուցապատման ենթակա չէ: Ավելին՝ մշակութային արժեք ունի հնագիտական առումով, եւ այն օբյեկտների առումով, որոնք այսօր կան՝ մեկը Եղեռնի հուշահամալիրն է, մյուսը մարզահամերգային համալիրը: Երկուսն էլ ընդգրկված են պատմության եւ մշակույթի հուշարձանների ցանկում: Շենքը կարող էր վաճառվել, ամեն տեղ էլ շենքերը վաճառվում են, բայց տարածքն է տրվել կառուցապատման: Ամենածիծխաղելին այստեղ այն է, որ այսօր պարզվում է՝ ով գնել է այդ տարածքը, կորել է: Այդպիսի մարդ գոյություն չունի, այդպիսի հիմնարկ գոյություն չունի, ավելին՝ այդ անձնավորությունը մեկ տարի առաջ գտնվել է հետախուզման մեջ: Դե արի ու հասկացի ինչ է կատարվում: Սա ընդամենը մեկ օրինակ է, թե ինչպես են իրականացվում գործընթացները»:

Հիշեցնեմ, որ մարզահամերգային համալիրի առուվաճառքի դեպքում խոսվում էր 100 միլիոն դոլար գումարի մասին: Այս շինության անորոշ վիճակին գումարվում է նաեւ դեռեւս անորոշ վիճակում գտնվող եւս մի քանի խնդիր, ասում է Մկրտիչ Մինասյանը:

« Ճարտարապետությունը սերտ կապված է տնտեսության հետ: Այս տարի բոլորն են ասում, որ անկում է եղել այն իմաստով, որ շատ շենքեր չեն նախագծվել, կային շատ նախագծեր, ասենք թե Ֆիրդուսի այն հատվածը, որ վաղուց պետք է կառուցապատվեր, բայց ներդրող չկա, կային ուրիշ ծրագրեր, որոնք պետք է իրագործվեին, բայց կապված էին մեծ ներդրումների հետ: Մեզ մոտ առայժմ օդից կախված է մնում  երիտասարդական պալատի տեղը, որովհետեւ այն ծրագիրը, որը շահել էր ճապոնացին, հիմա աստիճանաբար մարվում են մեր հույսերը, թե իրականություն կդառնա: Հսկայական ներդրման մասին էր խոսքը՝ 500-600 միլիոն արժողությամբ»:

Ու չնայած այս ամենին, ձեռքբերումներ ոլորտում նույնպես կան եւ եղել են: Այս տարվա համար Ճարտարապետների միության նախագահն օրինակ բերեց Շահումյան հրապարակի վրա կառուցված նախարարությունների շենքը: Իսկ հաջորդ տարի նախատեսվում է Ազգային պատկերասրահի համար նոր շենք կառուցել, բայց դա էլ դեռ հստակ չէ:

Կարդացեք նաև

Back to top button