Հասարակություն

Ողբերգական ավտովթար ՊՆ հարեւանությամբ

Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Ավան Դուրյան թաղամասում, ՀՀ ՊՆ վարչական շենքի հարևանությամբ, Երևան քաղաքի Թոթովենցի փողոցի բնակիչ, 36-ամյա Կարեն Ավագյանը իր վարած Վազ 21012 մակնիշի 085 ԼԼ 03 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Ավան վարչական շրջանի Սայաթ Նովա թաղամասի բնակիչ, 62-ամյա Գագիկ Սահակյանին պատկանող ճամփեզրին կայանված վիճակում գտնվող ГАЗ 278402 մակնիշի 55 ՏT 556 համարանիշի ավոտմեքենայի հետնամասին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վազ 21012-ի ուղևոր, 35-ամյա Վազգեն Գաբրիելյանը տեղում մահացել է, իսկ Կ. Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ, ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արման Հակոբյանի, հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վերջիններս են վիրավորին ուղեկցել հիվանդանոց:

Back to top button