
«Նախագահները քննարկել են վերջին շրջանում բռնությունների դեպքերը և ծանր զրահատեխնիկայի օգտագործման արդյունքում զոհերի հետ կապված՝ այդ թվում քաղաքացիական անձանց շրջանում, հատուկ մտահոգություն հայտնել։ Նախագահներն իրենց աջակցությունն են հայտնել համանախագահների այն առաջարկների շուրջ, որոնք ուղղված են շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության ռիսկերի նվազեցմանը՝ ներառյալ հետաքննությունների մեխանիզմի կիրառմանը»,- Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Բեռնում կայացած հանդիպման արդյունքում այսօր հայտարարել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։
Միջնորդները շեշտել են, որ այդ հանդիպումը հնարավորություն է տվել երկու երկրների նախագահներին առանձնազրույցի ժամանակ հստակեցնել իրենց դիրքորոշումները։
«Նախագահներն իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակել բանակցային կարգավորման առաջարկների շուրջ քննարկումները: Նրանք նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը Մինսկի խմբի ձևաչափին»,- հայտարարել են ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրյուն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ)՝ միաժամանակ իրենք եւս պատրաստակամություն հայտնելով կողմերի հետ շարունակել աշխատանքները Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։




