Մշակույթ

Արդյո՞ք արվետը կփրկի աշխարհը

aidaavetisyan

Այսօրվա աշխարհաքաղաքական ծանր պայմաններում գրականությունը հասարակության  շրջանում դարձել է անհետաքրքիր, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է բանաստեղծ Հենրիկ Էդոյանը և նշել, որ  արվեստագետը պետք է ստեղծի այնպիսի նմուշներ, որոնք էլ  հաճելի կդարձնեն անհատի ժամանցը:

 

Պատմությունը ցույց է տվել, որ աշխարհը միշտ էլ ապրել է դժվարին ժամանակներ: Այսօր էլ  նման  պայմաններում է աշխարհաքաղաքական իրավիճակը, սակայն մեկ տարբերությամբ՝ քաղաքական գործընթացներն այնքան են  ուժեղացել, որ մարդու  գոյության հարցը մեծ հարցականի տակ է և այս պայմաններում  հասարակությունը ժամանակ չունի մտածելու  արվեստի մասին, գրականությունն այսօր չի հետաքրքրում մարդկությանը, չնայած որ գրականության և առհասարակ արվեստի այլ ճյուղերի մասին խոսելը հետաքրքիր է և պարտադիր բոլոր ժամանակներում, ասում է բանաստեղծ Հենրիկ Էդոյանը։

Վերջինիս խոսքով՝ 19-րդ դարում եղել են փիլիսոփաներ, ովքեր ասել են, որ մշակույթը գնալով անկում է ապրում՝ իր տեղը զիջելով այլ հետաքրքրությունների՝ օրինակ քաղաքականությանը: Այսօր այդ կանխատեսումներն ինչ- որ չափով կատարվում են, ասում է բանասիրական գիտությունների դոկտորը:

Մշակույթի բոլոր ճյուղերի նկատմամբ տարօրինակ վերաբերմունք կա: «Հիմա այնպիսի մի իրավիճակ է ստեղծվել, որ մեծ գրողը փոքր մարդ է համարվում: Գրելը լավ է, թո՛ղ գրի, ի՞նձ ինչ: Բայց դա այդպես չէ»,- ասում է։

Բանաստեղծի համոզմամբ՝ մոլորակի վրա մարդու կեցության ամենամեծ ու կարևոր երաշխիքն արվեստն է: Նրա դիտարկմամբ՝ ամբողջ պատմության ընթացքում չի եղել մի դարաշրջան, երբ արվեստը դադարած լինի գործել: Սակայն այսօր՝ տեխնոլոգիաների արագ զարգացման այս դարաշրջանում, մարդը հեռացել է արվեստից, իր հերթին  տեխնոլոգիաների արագ զարգացումը խանգարում է մտածող մարդուն։ Սակայն արվեստը հասարակության ժամանցն ավելի հաճելի պետք է դարձնի, ասում է Հենրիկ Էդոյանը: Իսկ թե քաղաքական այս իրավիճակը կնպաստի՞ նոր գրականության ստեղծմանը, բանաստեղծը նշեց, որ  գրողը չպետք է ընկղմվի աշխարհաքաղաքական հորձանուտներում:

Սոցիալ- տնտեսական ծանր իրավիճակի պայմաններում  այսօր հասարակությունը դարձել է անհանդուրժող, չկամեցող և չարացած է շրջապատի հանդեպ: Այս իրավիճակում էլ  արվեստագետը մեծ նշանակություն կարող է ունենալ իր ստեղծագործություններով հասարակության փրկության գործում: Այսօրվա արվեստագետը պետք է իմաստուն և ժամանակակից ոճով ստեղծագործություն կերտի, որով էլ կկարողանա կրթել մարդկությանը:

Կարդացեք նաև

Back to top button