Ավագ Հարությունյան. Հարկավոր են լուրջ բարեփոխումներ
Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն այսօր ամփոփելով 2015 թվականը՝ հայտարարել է, որ տարին բարենպաստ չէր կոնյակի և գինու բիզնեսի համար։ Պատճառը պայմանավորել է նախորդ տարվա հոկտեմբերին սկսված ռուսական ռուբլու արժեզրկմամբ։ Ի՞նչ մարտահրավերների առջև են կանգնած հայկական կոնյակն ու գինին, և պետության կողմից ի՞նչ քայլեր է հարկավոր ձեռնարկել ռուսական շուկայում մրցակցային դիրքերը պահպանելու համար, եւ որ ամենակարևորն է՝ որոշումների արդյունքում չտուժի խաղողագործ գյուղացին:
Տարին բարենպաստ չէր կոնյակի և գինու բիզնեսի համար, սակայն բարենպաստ էր խաղողի առատ բերքի առումով: Այս տարի խաղող ունենք մթերված պահանջարկից ավելին, սակայն առատ մթերումը դեռևս չի կարող լուծել 2016- ին սպասվող խնդիրները: Ըստ Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունայնի՝ եթե այս տարի ոլորտի առջև ծառացած հիմանական խնդիրը ռուսական ռուբլու արժեզրկումն էր, ապա հաջորդ տարի, եթե ռուբլին անգամ պահպանի դրամի նկատմամբ իր կայուն հարաբերակցությունը, ոլորտը նոր խնդրի առաջ է կանգնելու:
ՙԱյսօրվա վիճակից հուսահատված գյուղացին չի թաղել խաղողի այգիները, քանի որ չի հավատում, որ հաջորդ տարի դրա մշակումից եկամուտ կստանա, ինչպես նաև գումար չունի, որպեսզի թաղի՚,- եղած խնդիրներն է թվարկում Ավագ Հարությունյանը։ — Կառավարությունը դեռ նախորդ տարվա հոկտեմբերից գիտեր, որ նման իրավիճակ է ստեղծվելու և ոչինչ չարեց, հետևաբար՝ այս տարի պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի չկրճատվի խաղողագործությունը, որի կրճատումը 20%-ով արդեն իսկ ակնհայտ է»։
Վերադառնալով ինչ խնդիրների է բախվում կոնյակի արտադրությունը հարցին՝ Ավագ Հարությունյանը նկատում է, որ կոնյակը հիմնականում իրացվում է ռուսական շուկայում, ռուբլու տատանման պայմաններում ռուսական կոնյակ արատադրողներն սկսել են գնային քաղաքականություն թելադրել այլ երկների արտադրողների նկատմամբ, և պահպանել սահմանված և վաճառքի հանված գները, այն դեպքում, երբ հայ արտադրողները շուկայում դիրքերը պահպանելու համար 5-10 տոկոս եկամտային կորուտ են ունեցել:
Ըստ բանախոսի՝ չնայած դեռ պաշտոնական վիճակագրություն չկա, բայց կատարված հաշվարկների համաձայն՝ առնվազն 15-20% կոնյակի արտահանման ծավալը պակասել է, իսկ արժեքի առումով ունենք 25% անկում։ ՙԳների անկումը պայմանավորված է նրանով, որ ռուսական շուկայում կոնյակի գները չբարձրացան, ռուբլին կրկնակի ընկավ, իսկ ռուսական կառավարությունը արգելեց, որպեսզի համաչափորեն բարձրացվեն ապրանքների գները։ Այսինքն՝ նույն ապրանքը 70% էժան վաճառվեց ռուբլու անկման հետեւանքով՚,- թվերն է ներկայացնում բանախոսը:
«Եթե մերոնք փորձեին չշարունակել մատակարարել կոնյակ ռուսական շուկային, կկորցնեին այն տեղը, որը գրավել էին վերջին 5-6 տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Հայկական կոնյակա ունի լուրջ մրցակիցներ, 2- 4 տարեկան կոնյակների շրջանում մրցակից է ադրբեջանական կոնյակը, իսկ միջին ու բարձր տարիքի կոնյակի մրցակիցը՝ ֆրանսիականն է, որը չի բարձրացնում գները և դժվար վիճակի մեջ է դնում հայկական կողմին»,- ասում է Ավագ Հարությունյանը։
Գինեգործների միության նախագահը ցավով նշում է, որ նույնն են խնդիրները նաև գինու շուկայում. արտահանման ծավալներն այստեղ էլ նվազել են 10-15%-ով, նվազել է նաեւ արժեքը ռուբլու անկման համեմատ։ ՙԱյսինքն՝ այստեղ ևս վնասով են աշխատել մեր արտահանողները»։ Իրավիճակը փոխելու համար հարկավոր են լուրջ բարեփոխումներ, շեշտում է Հարությունյանը։