ԿարևորՄիջազգային

Շիա Ադրբեջանը մտածում է միանալ հակաահաբեկչական սունի կոալիցիային

marlenahovsepyan

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն այսօր Սաուդյան Արաբիայի իր պաշտոնակցի՝ Ադել ալ Ջուբեյրայի հետ քննարկել է Էր Ռիադի նախաձեռնած ահաբեկչության դեմ պայքարի մահմեդական կոալիցիային միանալու հարցը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, որ նախարարները քննարկել են հարցը հեռախոսազրույցում։ Հաջիեւը նշել է, որ հարցն այժմ քննարկվում է։ «Որպես ահաբեկչությունից տուժած պետություն՝ Ադրբեջանը կտրականապես դատապարտում է ահաբեկչությունը իր բոլոր ձեւերով եւ դրսեւորումներով»,- ասել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սաուդյան Արաբիան հանդես է գալիս հակաահաբեկչական նոր կոալիցիա ստեղծելու նախաձեռնությամբ, որին անդամակցում է 34 երկիր, այդ թվում՝ Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Պաղեստինը, Պակիստանը, Բանգլադեշը, Թուրքիան, Եգիպտոսը, Նիգերիան։ Կոալիցիայի կազմում են ինչպես արաբական, ասիական, այնպես էլ աֆրիկյան մի շարք պետություններ՝ բացառությամբ Աֆղանստանի, Իրաքի և Սիրիայի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի գլխավոր տարածաշրջանային մրցակցի՝ Իրանի։

Ինչպես հայտնել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար արքայազն Մոհամմեդ բին Սալմանը, կոալիցիայի միացյալ շտաբը կգտնվի Էր Ռիադում: «Ներկայումս մահմեդական երկրներն առանձին-առանձին են պայքար մղում ահաբեկչության դեմ, ուստի կարևոր է մեկտեղել մեր ջանքերը ահաբեկչության՝ եւ ոչ միայն «Իսլամական պետության» դեմ պայքարում»,- ասել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան նաեւ ԱՄՆ ղեկավարած  արևմտյան կոալիցիայի մաս է կազմում:

Մոսկվան ուշի ուշով հետեւում է Էր Ռիադի նախաձեռնությանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի կողմից հակաահաբեկչական նոր կոալիցիայի ստեղծման մասին տեղեկությունը։  «Ժամանակ է պետք, որպեսզի վերլուծենք այդ որոշումը, հասկանանք, թե ո՞վ է ներառված կոալիցիայում, ի՞նչ նպատակներ ունեն, ինչպե՞ս են հակազդելու ծայրահեղականությանը։ Եթե խոսենք տեսականորեն, ապա, իհարկե, ջանքերը ծայրահեղականության ու դրա տարբեր դրսևորումների դեմ պայքարի համար միավորելը դրական երևույթ է։ Սակայն գնահատական տալուց առաջ պետք է տիրապետել մանրամասներին»,- ասել է Պեսկովը։

Back to top button